կարծես, Սեյրանը հենց սպասում էր, որ Սուսանը չի թույլ իրան հեռանալու։
— Լսի՛ր, Սեյրան։ Տեսնում եմ, որ դու նեղանում ես ինձանից։ Քանի որ այդպես է, թող կարճառոտ պատմեմ քեզ միտքս, դու կհասկանաս ինչու համար եմ ասում, որ դու ինձ մոռանաս։ Գնանք խոհանոց, այստեղ վտանգավոր է։
Սուսանը բռնեց Սեյրանի ձեռից և քաշեց ներս։ Նա ափսեները գետնին դրավ, մազերը ուղղեց, և յուր նիհարած ձեռը դնելով Սեյրանի ուսին, սկսեց.
— Սեյրան, ես քեզ սիրում եմ, ուզում ես` հավատա, ուզում ես` մի հավատա, բայց ես քեզ սիրում եմ։ Մտիկ արա ինձ, դա քո սերն է, որ ինձ այս օրն է գցել։ Բայց ես պարտավոր եմ, որ քեզանից բաժանվեմ։
— Սիրում եմ, բայց պարտավոր եմ բաժանվել,— կրկնեց Սեյրանը դառը հեգնանքով։
— Համբերիր, լսիր մինչև վերջ։ Գիտես, որ հայրս, եթե նրան սպանես, կախ տաս, քեզ աղջիկ տվող չի։ Այդ դու պիտի լավ հասկանաս, եթե նրան ճանաչում ես։ Գալով փախչելուն, դա մեր կողմից հիմարություն կլինի, որ ոչ դու ես կարող անել, ոչ էլ ես կանեմ։ Մեր փախուստը անպատիվ կանի մեր ծնողների անունը, որ առանց այն էլ իմ պատճառով անպատված է։ Ես չեմ ուզում, որ ինձ համար ծնողներս ամոթից սևերես մնան ուրիշների առաջ։ Ես գիտեմ, որ հայրս հենց մեր փախչելու օրն իրան կախ կտա։ Նա այդպիսի մարդ է. ես ճանաչում եմ նրան։ Քյոխանց Բարխուդարը նամուսի գերի է։ Թոդ ես չարչարվեմ, տանջվեմ, սառը գերեզմանը մտնեմ, այգ ինձ համար ավելի լավ է, քան թե հորս խայտառակությունը։ Ճշմարիտ է, նա ինձ թակում է, աչքով աչք չունի ինձ տեսնելու, բայց ես սիրում եմ, որովհետև հայրս է։ Գիտե՞ս, Սեյրան, ի՛նչ ասել է ծնողներ։ Լա՛վ մտածիր. նրանք ինձ լույս աշխարհ են գցել, մեծացրել են, լավ թե վատ կրթել են, այս հասակին են հասցրել, վերջապես, նրանք ինձ սիրում են։ Չե՞ս հավատում, որ սիրում են։ Չէ, սիրում են և շատ են սիրում: Սեյրան, մտիկ արա՛ հորս երեսին, տես այս կարճ ժամանակի