մեջ նա ինչպես է փոխվել, ծերացել, լղարել, փորը մեջքին է կպել, թշերը ներս են ընկել, ալքերը խորը փոսերի մեջ կորել, մեջքը երկու ղաթ ծռվել։ Դա իմ պատճառով է։ Այն օրից, երբ ձեզ հետ կտրել է բարեկամությունը, ոչ մի անգամ կուշտ փորով հաց չի կերել, ոչ մի անգամ մորս հետ կարգին չի խոսել։ Օրը ախ ու վախով է անցկացնում, հանգստություն չունի, մարդու երես չի ուզում տեսնել, կարծում է, որ ով որ պատահի, պիտի իրա երեսին խոսի։ Գիշերները մի տեղ նստել չի կարողանում, չիբուխը բերնին, ծխում է ծխում մինչև կես գիշեր, առանց խոսելու։ Դե՛, հիմա դու ինքդ ասա՛, Սեյրան, բաս դա մեղք չէ՞ մեր կողմից։
— Իսկ մայրս, ախ աստված, ի՛նչ է մնացել նրանում։ Խեղճ կնիկը հորս երեսին մտիկ անելով, մի կտոր մոմի պես հալվում է։ Առաջվա այն գյոզալ կնիկը կուչ է եկել, պառավել է, հենց իմանաս, որ այս երեք ամիսը նրա համար երեսուն տարիներ են եղել։ Մայրս քեզ սիրում է, Սեյրան, շատ է սիրում։ Խեղճ կնիկ, նա շատ չարչարվեց, որ հորս կակղացնի, բայց չեղավ, չկարողացավ հորս ծռել։ Ո՞վ կարող է ծռել Քյոխանց Բարխուդարին, երբ բանը նրա նամուսին է վերաբերում։ Հիմա, տեսնելով, որ էլ ճար չկա, խեղճ կնիկը լռել է, ցավերը թաքցրել կրծքի տակ. այդ ցավերն այսօր մղմղ ուտում են նրան։ Տեսնո՞ւմ ես, Սեյրան, տեսնո՞ւմ ես այս ամենը. հիմա ինքդ դատիր, ես ի՛նչ անեմ։ Մտիկ եմ տալիս նրանք երեսին` ջիգարս է կտրատվում, սիրտս է մղկտում, չէ որ նրանց ցավերի պատճառը ես եմ։ Չէ, Սեյրան, ինչ ուզում ես արա, բայց ես չեմ կարող նրանց այս հալումը թողնել ու քեզ հետ գալ, ինչ է, որ ես պիտի ուրախ ապրեմ։ Թող ես չարչարվեմ, մեռնեմ, միայն թե ծնողներիս չսպանեմ։
Սուսանն ամբողջ ժամանակ խոսում էր թույլ, հանդարտ, բայց դողդոջուն ձայնով։ Նրա շարժվածքի, արտասանության մեջ երևում էր ներքին դառն հոգեկան տառապանք։ Երբ նա կանգ առավ, Սեյրանը յուր ձեռքն հեռացրեց նրանից, թեքեց գլուխը կրծքին և, վշտալի ու հուսահատական եղանակով արտասանեց.