Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոդենշտեղտի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան»-ը կտրուկ և համառոտ ոճով մի գրվածք է։ Գերմանացի անվանի բանաստեղծ-քննադատը, ինչպես հայտնի է, քառասնական թվականներին ապրել է Կովկասում և հենց այդ ժամանակ նա ճանապարհորդել է դեպի ս․էջմիածին։ Վերին աստիճանի հետաքրքրական է ճանապարհորդի պատմած մի հեքիաթը։ Հերոսների անունները և հեքիաթի գործողության տեղը հայկական են, բայց, ուղիղն ասած, բովանդակությունը ավելի պարսկական կյանքին է մոտ, քան հայկականին։ Հռիփսիմե թագուհու յուր ամուսնուն դավաճանելը, սև խափշիկին 12֊րդ արկղում պահելը, հարյուր տասներկու աղախինները, Խորիշանի (և ոչ Հորիշան, ինչպես թարգմանված է) է արկածը. այդ բոլորից պարսկականություն է բուրում։ Առհասարակ այս ճանապարհորդությունը հետաքրքրությամբ է կարդացվում։ Թարգմանչի (պ. Հ․ Բարխուդարյան) լեզուն բավական սահուն է։

Վաթսունական թվականների բանաստեղծ-հրապարակախոսի «Երկու խոսք» և «Հառաջաբան» վերնագրով հոդվածները «Հանդես»֊ի արձակ գրվածների մեջ հետաքրքրական են իրանց պատմական նշանակությամբ։ Առաջին հոդվածը մի բանակռիվ է «Հյուսիսափայլ»֊ի թշնամիների դեմ, երկրորդը՝ մի ընդհանուր հառաջաբան, որ հեղինակը կցել է յուր «բանաստեղծություններին»։

Պաամական, և ոչ ժամանակակից, նշանակություն ունին նաև հանգուցյալ Ս. Նաղարյանի «Ազգային նկատողությունք» և «լապտեր Հայաստանի» հոդվածները։ Վերջինս հառաջաբան է նույն վերնագրով մի լույս չտեսած ամսաթերթի, որ վերոհիշյալ հրապարակախոսը, «Հյուսիսափայլը» դադարեցնելուց հետո, մտադիր էր հրատարակել և չկարողացավ հրատարակել։ «Ազգային նկատողությունք»-ը հեղինակի զայրույթից բխած մի բողոք է Շամախու մի քանի հոգևորականների դեմ,որոնք վաթսունական թվականների սկզբին բնականաբար հալածում էին նորաբողբոջ բողոքականությունը հայերի մեջ։ Այս աղանդի ծագմանը և նորա առթիվ տեղի ունեցած խռովություններին փոքրիշատե ծանոթ մարդուն Նազարյանի «Նկատողությունքը» միակողմանի են թվում։