Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր այս հոդվածները բավական լույս են սփռում իրանց հեղինակների բնավորության և գաղափարների վրա, և այս տեսակետից միայն նոքա արժանի են ուշադրության։ Հարկավ «Հանդեսի» հրատարակչից պետք է շնորհակալ լինել, որ այդ տեսակ հում նյութերը լույս աշխարհ է հանում ապագա պատմագրի համար։

«Թե ովքե՞ր էին Ս. Վարդանաց և նոցա ժամանակակից հայ սերնդի դաստիարակները» երկար վերնագրով հոդվածը «Հանդես»-ի հաջող հոդվածներից մեկն է։ Պ. Լորդը մատչելի լեզվով նկարագրում է մեր պատմական կյանքի նշանավոր մի շրջանը։ Պատմությանը վերաբերյալ այս տեսակ հոդվածները այն արժանավորությունն ունին, որ հասարակ ընթերցողին հետաքրքրում են իրանց անցյալով։ Շատ քիչ ընթերցողներ միջոց ունեն մեր պատմությանը անմիջապես ծանոթանալու առաջին աղբյուրներից, մեծամասնությանը նա անմատչելի է, և այս պատճառով աշխարհաբար պարզ լեզվով պատմական գրվածները անհրաժեշտ են։ Պ. Լորդի հողվածը այս տեսակետից, հարկավ, համակրելի է, մանավանդ որ հեղինակը տեղ-տեղ փորձում է մեր անցյալի և եվրոպական ազգերի անցյալի մեջ համեմատություններ անել։ Միայն մի նկատողություն․ ցանկալի կլիներ առհասարակ, որ այս տեսակ գրվածների մեջ պատմական գրքերից քաղված կտորներ աշխարհաբար թարգմանվեին, որ գրաբար չիմացող ընթերցողներն էլ հասկանան։

Բացի մեր հիշած հոդվածներից, «Հանդես»-ի մեջ տպված է նաև հարգելի պատմագետ Նորայր Ն. Բյուղանդացու մի մատենախոսական ընդարձակ հոդվածը Ասողիկի պատմության մասին։

Այժմ մնում է մի քանի խոսք ասել Սյուլյուկ֊Ախտամեր կյանի չորս պատկերների մասին, որ տպված են ժողովածուի վերջում, և այնուհետև մի ամփոփ կարծիք հայտնել առհասարակ «Հանդես»-ի հրատարակության մասին։

Պետք է ափսոսալ, որ այդ պատկերները անմատչելի են հասարակությանը։ Միայն ընթերցողների մի ամենափոքր մասն է կարդում նորանց, իսկ մեծամասնությունը գուցե չի լսել անգամ նոցա մասին։ Եվ ավելի պահանջելու իրավունք