«Հանդես»-ի մեջ մենք նեղ կուսակցական ուղղություն չենք նշմարում։ Նա ավելի գրականականին է մոտիկ, բայց տակավին ոչ զուտ գրականական է։Եվ այս այն պատճառով, որ հարգելի եռանդուն հրատարակիչը յուր նյութերի վերաբերմամբ խիստ ընտրություն չի անում։ Նա շատ գեղեցիկ և տաղանդավոր գրվածների հետ կից առ կից տպում է անշնորհք բաներ, և այսպիսով, ծանրաբեռնում յուր հրատարակությունը ավելորդ նյութերով։ Մեր համառոտ նկատողություններից ընթերցողը կարող է հասկանալ, թե գոնե «Հանդես»-ի երկրորդ գրքի մեջ մենք ի՞նչն ենք տաղանդավոր համարում և ի՞նչն անշնորհք։ Հավանական է, որ հրատարակիչը յուր ձեռքի տակ չի ունեցել խիստ ընտրություն անելու համար առատ նյութեր։Այս դեպքում, հարկավ, նորան մեղապրել չի կարելի, քանի որ մեղավորը մեր գրականության աղքատությունն է։ Մի բան միայն կարելի է ասել, որ ավելի լավ է «Հանդես»-ը քիչ և ընտիր գրվածներ տա, քան թե շատ և անխտիր։ Եթե ժողովածուի առաջինմ և երկրորդ գրքերի միջից հանվեն ջրալի և անշնորհ գրվածները, կկազմվեր մի շատ գեղեցիկ հատոր։ Մյուս կողմից՝ փույթ չէ, եթե ինքնուրույն գրվածների պակասություն ունի «Հանդես-»ի հրատարակիչը. նա այդ պակասը կարող է լրացնել ընտիր եվրոպական վեպիկների կամ, թեկուզ, մեծ վեպերի թարգմանությամբ։ Մենք չենք կաս՛կածում, որ պ. Բարխուդարյանբ կարող է ճաշակով ընտրություն անել թարգմանությունների վերաբերմամբ։ Յուր գրական ճաշակի ապացույցը Նա մեզ տվել է արդեն «Հանդես»-ի երկրորդ գրքի մեջ Գի գը Մոպասանի երեք սիրուն վեպիկների սիրուն թարգմանությամբ։ Ցանկալի կլիներ, որ ապագա հատորներում ևս երևային այդպիսի թարգմանություններ և մի փոքր ավելի տեղ բռնեին նոքա։
«Հանդես»-ը, հեռու լինելով մի նեղ կուսակցական ուղղությունից, միջոց ունի մեր գրականության մեջ ամենագեղեցիկ և ամենաօգտավետ պարբերական հրատարակությունը լինել։ Ցանկանք ուրեմն, որ նա այդպես լինի, և այն ժամանակ նա կարող է մեծ զարկ տալ հայ ընթերցողի գրական ճաշակ զարգացմանը։