Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգեկան տանջանքները։ Չէ՞ որ ամեն մի հուսահատ սիրահարված մարդ, ի՞նչ բնավորության և սրտի տեր ևս լինի նա, բնականաբար կրում է այդ տանջանքները։

Ամբողջ պիեսի մեջ ամենահաջողված տիպը կարելի է համարել «Վարժուհուն» (Նունեին), որ պատիվ է բերում պ․ Չմշկյանի ազնիվ ձգտումներին։ Շատ հաջողված կլիներ և տիկին էփեմիան, եթե հեղինակը մի փոքր ավել զբաղվեր այդ տիպով, և փոխանակ միայն մի տեսարանում մի քանի վայրկյան ցույց տալու, պատկերացներ նորան հանդիսականների առաջ բոլոր յուր լավ ու վատ հատկություններով։ Սակայն կան անձինք, որոնց մի վարմունքից կարողանում ենք ճանաչել։ էփեմիան այդ տեսակ անձանցից է. հեղինակի չտվածը հանդիսականը լրացնում է երևակայությամբ…

Սակայն մի պիեսի հաջողության գլխավոր պայմանը նորա բեմական լինելն է։ Այս տեսակետից, իրավ, «Վարժուհի»-ն մի հաջող գրվածք է։ Մոտ երեսնամյա դերասանությունը պ. Չմշկյանին մեծ ծառայություն է մատուցեր «Վարժուհի»-ի ամբողջ գործողությունից երևում է, որ հեղինակը շատ լավ ուսումնասիրել է բեմը, գիտե գործող անձանց գրությունները ճիշտ որոշել տեխնիկայի կողմից, պահել է տեսիլների մեջ մի հայտնի չափավորություն և առհասարակ ընդունակ է բեմական էֆեկտներ ստեղծելու, մի բան, որ փորձված թատերագիրներին է միայն հաջողվում։

Ահա ինչու, մեր կարծիքով, «Վարժուհի»-ն ընդհանրապես հանդիսականների հավանությանը և ծափահարություններին արժանացավ։ Եթե պ. Չմշկյանը կամենա մի քանի փոփոխություններ անել, «Վարժուհի»-ն կարող է մեր աղքատիկ ռեպերտուարի մեջ արժանավոր տեղ բռնել։ Այժմյան պիեսներից պահանջվում է անընդհատ գործողություն։ Հին շկոլայի երկար մոնոլոգները տեղ չունեն ժամանակակից դրամայի մեջ։ Պ. Չմշկյանը հաջողությամբ խույս է տվել այդ տեսակ մենախոսություններից։ Ցանկալի կլիներ, որ դիալոգների և առհասարակ խոսակցության վերաբերմամբ էլ ավելի չափավոր լիներ, պիեսի գործողությունը արագացնելով և մի քանի լրացուցիչ տեսարաններ մտցնելով։

Մի քանի խոսք ևս խաղացողների մասին։ Բացի հար