Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրագործել։ Փոքրից սկսել ամոթ են համարել սոքա, մեծին ձեռնամուխ լինելու րնդունակություն չեն ունեցել, ուստի մինչև այսօր դատապարտված են եղել վրդովեցուցիչ անգործության։ Այնինչ` տիրապետող հանգամանքները ստիպում են մեզ ներկայումս գեթ փոքրով էլ բավականանալ, հիմք դնելով ապագայի ընդարձակ գործունեության համար։ Այսօր մեզ ոչ դրամատիկական ակումբ փքված անունով մի հիմնարկություն է հարկավոր, և ո՛չ նորա ղեկավարների երևակայության պտուղ—մեծամեծ ծրագիրներ։ Այսօր մեզ, նախ և առաջ, հարկավոր է մի դերասանական կազմակերպված խումբ, թող լինի այդ խումբը բաղկացած գոնե տեղական ցիրուցան եղած ուժերից։ Այդ տեսակ մի խումբ կազմելու միջոց և ուժ միշտ ունեցել է դրամատիկական ակումբը, ապացույց 1887 թվի սեզոնը, երբ Թիֆլիզի հասարակությունը ամսական 8 ներկայացում էր տեսնում։ Այդ տեսակ մի խումբ կազմելու միջոց ունի նա և այժմ։

Հայտնի է, որ ակումբը այժմ յուր ձեռքի տակ ունի մի որոշ գումար։ Թե քանի հազար է այդ գումարը, մենք ճիշտ չգիտենք։ Անշուշտ այսօրվա ժողովին կներկայացվի եթե ոչ մանրամասն, գոնե մոտավոր հաշիվ։

Բայց այդ գումարը այնքան մեծ է, որ նույնիսկ դորա մի մասով դյուրությամբ կարելի էր մի համեստ խումբ կազմել առաջիկա սեզոնի համար։ Թող դրամատիկական ակումբը, եթե ինքը չգիտե փոքրից սկսել և գիտե միայն անգործության մեջ օդային ամրոցներ կառուցանել հայոց Մելպոմենի համար, թող, կրկնում ենք, նա հրավիրե գործին շատ թե քիչ հմուտ մարդ, և վաղօրոք հանձին նորան հենց այժմյանից մի օրինավոր ռեպերտուար պատրաստել, խումբ կազմել առաջիկա սեզոնի համար։ Մենք համոզված ենք, որ մի այդպիսի անձն դժվար չէ գտնել Թիֆլիզում, որ ամբողջ երեսուն տարվա հայ թատրոնական անցյալ ունի։

Մի այդպիսի անձնվեր մարդ կարող էր անել այն, ինչ որ այսօր անընդունակ է անել մի ամբողջ հիմնարկություն, որի անդամները իրանց մասնավոր գործերով են զբաղված և ժամանակ էլ չունեն հասարակական շահերի համար մտածելու։

Դա, մեր խորին համոզմամբ, միակ միջոցն է հայ թատրոնին վերակենդանություն տալու համար։

Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Հ. X