Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք մեր հույսը միանգամայն կորցրել ենք դեպի դրամատիկական ակումբը։ Նա շատ երկար ժամանակ ցույց տվեց յուր անընդունակությունը, յուր տկարությունը, կարիք չկա, որ այս տարի ևս հասարակությանը նա կերակրե մեծամեծ խոստումներով, ապագայում չիրագործելու համար այդ խոստումները։ Կարծում ենք, որ մեր առաջարկությունը այնքան համեստ է, որքան և իրավացի, ուրեմն և նա չպիտի մերժվի ակումբի կողմից։ Եթե ակումբի անդամները բարոյական սկզբունք ճանաչում են՝ կամ պետք է իրանք գործեն, կամ պետք է ուրիշներին թույլ տան գործելու։


ԻՄ ԿՐԻՏԻԿՈՍՆԵՐԻՆ


Երկու շաբաթ է արդեն, որ մի քանի հայ լրագիրներ ամեն ճիգ գործ են դնում «գլորելու» իմ առաջին դրամատիկական աշխատությունը՝ «Իշխանուհի»֊ն։

Ես ամենայն սառնությամբ կարդացի այն բոլորը, ինչ որ գրվել է մինչև այսօր իմ պիեսի մասին և պետք է կարդամ, եթե այսուհետև էլ գրվի։ Սառնությամբ եմ ասում, որովհետև, ի նկատի ունենալով իմ գրականական հակառակորդների բազմությունը, վաղուց գիտեի, որ լրագիրների մեծ մասը իմ դեմ սկսելու է մի արշավանք։ Իմ ասածը լոկ խոսքեր չեն, այլ իրողություն, և ահա ինչպես։ Դեռ «Իշխանուհու» բովանդակությունը ոչ ոք չգիտեր, ամեն օր ինձ լուրեր էին հասնում, թե այսինչ խմբագիրը կամ այնինչ լրագրի աշխատակիցը արդեն սրել է իր գրիչը» իմ գրվածքը ոտնատակտալու համար։

Շատ միամիտ մարդիկ կարծում էին, որ այս թշնամական սպառնալիքները կարող են ինձ հուսահատեցնել։ Բայց փորձված լինելով դիմանալ բոլոր անձնական թշնամություններին, ես աներկյուղ բեմ հանեցի իմ պիեսը։ Ես գիտեի, որ մեր մեջ չկա անկողմնապահ քննադատություն, քանի որ նախանձի և փոխադարձ ատելության զգացմունքը մեր մամուլի ծառայողների մեջ հասել է ծայրահեղության։ Ուրեմն վախենալ հարձակումներից՝ կնշանակե լինել երկչոտ և փախչել գործելու ասպարեզից։