նիհար, բարձրահասակ, չոր ու ցամաք կազմվածքով ասպետին Տուրգենևը հակադրում է Դանեմարքայի անգործ, բայց չափազանց զգայուն և խոհուն իշխանին...
Ապրիլի 30-ի ներկայացման մյուս դերասանների մասին երկար խոսելու կարևորություն չունենք, և ահա ինչու։ Ադամյանը մի սովորություն ունի, որին մենք չենք կարող համակրել, և բարեկամաբար խորհուրդ ենք տալիս, եթե կարելի է, թողնել այդ սովորությունը։ Ահա ինչումն է բանը։ Մենք նկատում ենք, որ Ադամյանը, ինչ որ էլ ներկայացնում է, երբեք չէ մտածում այն դերասանների մասին, որոնց հետ ինքը բեմ է դուրս գալիս։ Նա անխնա կրճատում է դերասանների դերերը և այսպիսով արգելում է նոցա ձիրքերի կանոնավոր զարգացումը։ Դա կնշանակե՝ սպանել նոցա ապագան։ Օրինակ՝ Լայերտի և Հորացիոյի դերերը Ադամյանը այնքան կրճատել
է, որ նոքա թիթեռնիկների պես երբեմն նշմարվում էին բեմի
վերա և իսկույն չքանում։ Իսկ Օֆելիայի դերից նա դուրս էր
մղել բոլոր հյութը և աղը, թողնելով միայն մի անհամ աղցան։
Այդ պատճառով, կարծես թե, Օֆելիան մի ավելորդ անձնավորություն լիներ բեմի վերա։
Նույնպես էին և բոլոր մնացյալ դերասանները։ Բացի այդ, Ադամյանը դերերը բաժանելու վերաբերմամբ ևս շատ քիչ է մտածում։ Օրինակ՝ օր. Սաթենիկը, որի անունը առաջին անգամն ենք լսում, հանկարծ դուրս է դալիս Օֆելիայի դերում և ներկայացնում է ոչ թե Օֆելիա, այլ մի ռուս աղախին։
Այդ, ճշմարիտը ասած, մենք չենք կարող ներել Ադամյանի նման մի տաղանդավոր դերասանին, որը ոչինչ երկյուղ չպիտի ունենա ավելի հաջող խաղացողների հետ բեմ դուրս գալուց։ Նորա խաղը այնքան սուր, այնքան նշանավոր է, որ մայրաքաղաքներում ռուսաց ամենաառաջնակարգ դերասանների մեջ իսկ աստղի պես փայլում էր, ուր մնաց Թիֆլիսի հայ դերասանների շարքում։
Բայց չնայելով սորան, դերասաններից մի քանիսը աչքի էին ընկնում։ Ավալյանը բավական հաջող կերպով ներկայացրեց Համլետի հոր ուրվականը։ Միրաղյանը շատ լավ էր Պոլոնիուսի դերում։ Այդ դերասանին բեմի վերա մենք առաջին անգամն ենք տեսնում, և նա մեզ վերա լավ տպավորություն թողեց:
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/12
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է