Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա կողմից մի քանի ծափահարությանց արժանանալու նպատակով։
Ադամյանի մասին շատ երկար կարելի է խոսել և այդ երբեք շատախոսություն չէր լինի, բայց մենք այսքանով բավականանում ենք, ամփոփելով մեր տպավորությունը։ Ադամյանը ուսումնասիրել է Համլետին բոլոր մանրամասնություններով։ Նա թափանցել է գրեթե նորա հոգին ու սիրտը։ Նորա խաղի մեջ զգացվում է խելոքություն, հասկացողություն և վերին աստիճանի գեղարվեստական նրբություն։ Եթե Ադամյանի ձայնի ելևէջները ունենային այն տրագիզմը, որ ունեն նորա ձևերը, դեմքի փոփոխությունները, այն ժամանակ, հավատացած ենք, որ ամենախիստ քննադատը անգամ չէր կարող նորա խաղի մեջ գտնել որևէ պակասություն, բայց Ադամյանի ձևերը հասցրած են գեղարվեստի վերին աստիճանին, այնինչ նորա ձայնը շատ հեռու է այդ բարձրությունից, և այդ գուցե բնության հաճույքն է։ Լուսինը անգամ արատներ ունի յուր դեմքի վերա, ասում է ժողովրդական առածը, ասել է՝ անհնարին է այս աշխարհում անպայման կատարելագործությունը։ Գալով Ադամյանի արտաքին տեսքին, պիտի ասել, որ Համլետ լինելու համար, այդ տեսքը ավելի ոչինչ չէ պահանջում։ Միայն մի թեթև նկատողություն։ Համլետի վերաբերմամբ գրողները և կրիտիկոսները գլխավորապես հաստատում են, թե նա մարմնով գեր է։ Նույնը ասում է և Համլետի մայրը, յուր որդվո մասին «Our son is fat»: Բայց չգիտենք ինչու, Ադամյանը հակառակ է սորան և գտնում է, որ Համլետը շատ նրբակազմ է։ Շատ կարելի է Ադամյանը այստեղ հետևում է որևէ ֆրանսիական կրիտիկոսի կարծիքին։ Բայց ինչ որ էլ գրվի, և եթե Համլետի մայրն էլ նկատած չլիներ յուր որդվո գիրության մասին, այսուամենայնիվ, Շեքսպիրի այդ տիպը փոքրիշատե ուսումնասիրողի համար նա պատկերանում է ավելի գեր, քան թե նիհար։ Այդ բանը ապացուցանում է և հանգուցյալ Տուրգենևը յուր «Համլետ և Դոն-Քիշոտ» հոդվածի մեջ, ուր նա համեմատելով այդ երկու աշխարհահռչակ տիպերը ինչպես սոցա մտավոր և հոգեկան, նույնպես և ֆիզիկական առանձնահատկությունների մեջ շեշտում է մի նշանավոր կոնտրաստ։ Լամանշեցի շատ գործող, բայց երբեք չմտածող,