Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձր է հայ տղամարդից։ Ո՞վ չգիտե, որ ընտանեկան կյանքի վերաբերմամբ հայ կինը անհամեմատ խիստ է, քան հայ տղամարդը։ Դավաճանել իր կնոջը, դա այնքան սովորական բան է դարձել մեր մեջ, որ միմիայն քույրը չի կարող նկատել։

Արծրունին ասում է, թե «այդ տեսակ հրեշներ եթե կան, բուրժուազիայի մեջ են» և ոչ մեր իշխանական դերդաստանների անդամ։ Արծրունին կարծում է, թե ես Բեգմուրյանին իշխան ցույց տալով կամեցել եմ ասել, որ մեր իշխաններն են ապականված։ Դա մի արմատական սխալ է, որ հենց Արծրունին ուղղում է իր քննադատության մեջ, ասելով, թե այդ տեսակ մարդիկ կարող են պատահել և ամեն դասակարգերի մեջ։ Այո, ծագումը այս դեպքում ոչինչ նշանակություն չունի, Բեղմուրյանը կարող է լինել և՛ իշխան, և՛ վաճառական, և՛ արհեստավոր, և՛ պաշտոնյա։ Բայց պ. Արծրունին, այդ ասելով հանդերձ, ձգտում է պաշտպանել մեր իշխանական գերդաստաններին։ Ցավում եմ, որ պարոնը պաշտպանում է մի բան, որի դեմ ոչ ոք չկա կռվող։ Կարող եմ միայն այսքանը ասել, որ մեր իշխանական ցեղերի և վաճառական դասի մեջ չկա մի մեծ տարբերություն։ Հայտնի է, որ մենք կաստաներ չունենք, որ մեր իշխանների նախահայրերը կրթված չեն Վերսալի պալատում Լյուդովիկոսների ժամանակ, որ նրանց մեծամասնությունը պարապում է վաճառականությամբ և գրեթե նույն մարդիկն են, ինչ որ դուք, ես, մի ուրիշը։

Միքայելին հրեշ անվանելով, Արծրունին Հեղինեին անվանում է հրեշտակ։ Երկուսն էլ սխալ է։ Հրեշտա՞կ է այն արարածը, որ ձգտում է ընտանեկան խաղաղ կյանք վարել, որ չունենալով մի ուրիշ մխիթարություն, չունենալով մի նեցուկ, հասարակական գործունեության ասպարեզ, յուր գոյության ալֆան և օմեգան ընտանեկան կյանքն է համարում, որ յուր բոլոր ցնորքները այնտեղ է ամփոփում, և երբ տեսնում է, որ այդ ցնորքները քայքայվեցին, երբ նրան զրկում են միակ զավակից, երբ նրա մաքուր անունը իզուր ապականվում է հասարակության մեջ, նրա մայրը տանջվում է բարոյապես, եղբայրը ուզում է սպանել նրա ամուսնուն կամ սպանվել նրանից — դիմում է ինքնասպանության։ Ոչ, դա