Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուս-թուրքական պատերազմից հետո Պատկանյանի քնարը այլևես նախկին ուժգնությամբ չի հնչում։ Նա շարունակում է գրել բայց գրում է կամ անհատական թեմաներով երգիծական բանաստեղծություններ կամ էլ՝ արձակ։ Այն ժամանակվա նրա ստեղծագործություններից իրենց գեղարվեստականությամբ աչքի են ընկնում միայն մի երկու կենցաղային պատմվածքներ, ինչպես «էսլի Լեվենդ» և «Մոնթեն մինչև վեր», որոնք տպագրվել են «Արձագանք» շաբաթաթերթում։

Որպես մարդ հանգուցյալ բանաստեղծը որոշ տարօրինակություններ ուներ։ Նրա բնավորության կարևոր առանձնահատկությունը ուղղամտությունն էր, և նա սովորություն ուներ ինչպես հասարակության առաջ, այնպես էլ մասնավոր կյանքում ճշմարտությունն ասել աներկբա և ամենայն խստությամբ՝ հասնելով ծայրահհղությունների։ Ահա թե ինչու նա շատ թշնամիներ վաստակեց, հատկապես իր համաքաղաքացիների՝ նոր նախիջևանցիների մեջ։

Հանգուցյալի բնավորության մյուս, ոչ պակաս աչքի ընկնող կողմերը համեստությունն ու անշահախնդրությունն էին։ նա երբեք չէր խոսում իր ստեղծագործությունների մասին և ինչպես գովեստների, այնպես էլ քննադատության նկատմամբ հավասարապես անտարբեր վերաբերմունք էր ունենում չպաշտպանելով իրեն ոչ մի տողով, ոչ մի բառով։ Նա հավակնություն չուներ հասարակությունից ստանալու որևէ վարձատրություն ոչ բարոյական և ոչ, մանավանդ, նյութական։ Մոտ վեց տարի առաջ Թիֆլիսում ստեղծվեց հանձնաժողով բանաստեղծի երեսնամյա հոբելյանը տոնելու նպատակով։Այդ տոնակատարությունը ինչ-որ պատճառով չկատարվեց, սակայն դրանից հետո հասարակությունը ամենափոքր առիթն օգտագործում էր, որպեսզի սիրելի բանաստեղծին ցույց տա իր երախտագիտությունը։ Բոլոր այն քաղաքներում, ուր լինում էր Պատկանյանը, հայերը նրան ընդունում էին