Պատկանյանր իր լավագույն քնարական ստեղծագործությունները գրել է վաղ հասակում' 1855–1870 թվականներին…
Պատկանյանն ընդհանրապես ավելի շատ տենդենցիոզ բանաստեղծ է։ Նրա ստեղծագործության տենդենցիոզ բնույթը հատկապես ուժեղացավ յոթանասնական թվականների վերջում, ռուս֊թուրքական պատերազմի ժամանակ և նրանից անմիջապես հետո, երբ հայերի վիճակը Փոքր Ասիայում գրավեց ընդհանուրի ուշադրությունը։
Ասվածը վերաբերում է նաև Պատկանյանի արձակ ստեղծագործություններին։ Մինչև 1875 թվականը հանգուցյալը գրել է մի շարք հրաշալի պատմվածքներ Նոր Նախիջևանի բարբառով։ Նրանցից միայն մի քանիսն են հրատարակված առանձին գրքով պրոֆ. Պատկանովի կողմից, որը այդ պատմվածքների մասին իր առաջաբանում հետևյալ կարծիքն է հայտնում.
«Հեղինակն ունի իր գործող անձանց հետ ի մի ձուլվելու, նրանց աշխարհայացքը բաժանելու, նրանց ուրախությամբ ու վշտով ապրելու զարմանալի ընդունակություն, ըստ որում նա ոչ մի անտեղի արտահայտությամբ չի փոխում նախապես ստանձնած իր դերը։ Նրա հերոսների բախտը մեծապես հետաքրքրում է ընթերցողին, իսկ դրությունների բնականությունը և անպաճույճ ու գեղեցիկ խոսքը ստիպում են մոռանալ հեղինակի մասին։ Չափազանց քաղցրամեղցրության և սենտիմենտալ տոնի բացակայությունը մի առավելություն է, որով հեղինակը տարբերվում է նույն բնույթի շատ գրողներից։ Նրա մոտ ամեն ինչ արտահայտված է հասարակ, բնական' և' խնդությունը, և վիշտը՝ և՛ մարդկային սրտի ամենատարբեր զգացմունքները իրենց ամենափոքր նրբերանգներով…»։
Մեր կարծիքով այնքան էլ հաջողված չեն Պատկանյանի գրական հայերենով գրված վիպակները, նույնիսկ նրանցից լավագույնները' «Ես նշանած էի», «Տիկին և նաժիշտ» և «Փառասերը»։ Բոլոր այդ վիպակները շատ հետաքրքրաշարժ են, Սակայն նրանց մեջ դարձյալ իրեն զգացնել է տալիս գաղափարների կանխակալությունը և այդ վիպակները ինտելիգենտ ընթերցողի վրա չեն թողնում այնպիսի խոր տպավորություն, ինչպիսին թողնում են ժողովրդական բարբառով դրված նրա պատմածքները,— թեև նրանց շարադրանքի գեղարվեստականությունը ներհակ է ընթերցողի ճաշակին։