Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեցած ծրագրի, ինչպես և տեղի սղության պատճառով ի վիճակի չեն լինում այնպիսի մանրամասնությամբ կանգ առնել այդ հարցերի վրա, ինչպես այդ կարող է անել լայնորեն մատչելի ամսագիրը։

Սա դեռևս հարցի մի կողմն է։ Մյուս կողմից այդպիսի ամսագրի բացակայությունը ավելի շատ Նկատելի էր գրականության զարգացման տեսակետից, համենայն դեպս նրա այն մասի զարգացման համար, որը գերակշռում է ռասահայերի մոտ՝ գեղարվեստական արձակի համար։ Մեր արձակագիրները, նույնիսկ նրանցից ամենից ավեչի ականավորները առանձին հրատարակությունների համար նյութական միջոցներ չունենալու պատճառով իրենց ստեղծագործությունները գրեթե բացառապես տպագրում էին թերթերում։ Հասկանալի է, որ դրանից նրանք շատ էին տուժում, քանի որ, ո՞վ չգիտե, որ օրաթերթերին և շաբաթաթերթերին թղթակցելը պահանջում է որոշ շտապողականություն, իսկ դա միշտ վնաս է հասցնում գրական ստեղծագործությունների մշակմանը։ Այդպիսին էր, ի միջի այլոց, Րաֆֆու վեպերի մեծ մասի բախտը, այն վեպերի, որոնք տպագրվում էին «Մշակ» և «Արձագանք» թերթերում։ Հանգուցյալ գրողը ինչպես ինքն է կենդանության օրոք շատ անգամ գանգատվել տողերիս հեղինակին, հաճախ ստիպված էր իր դռան մոտ «նյութի» սպասող գրաշարի դամոկլյան սրի ներքո ոչ թե գրել, տյլ, ինչպես ասում են, թխել։

Այս հանգամանքների շնորհիվ 1889 թվականին «Մուրճ» ամսագրի հրատարակումը չէր կարող չուրախացնել հայ մտավորականությանը, քանի որ այդ ամսագրով պետք է լրացվեր պարբերական մամուլում թափուր մնացած տեղը։ ճիշտ է, ամսագրի հրատարակիչ-խմբագիր պ. Արասխանյանցը մինչ այդ հայ լրագրության մեջ քիչ ծանոթ մարդ էր, այդ պատճառով էլ շատերը կասկածանքով, նույնիսկ ակնհայտ հեգնանքով էին վերաբերում նրան' կանխագուշակելով նրա դործին լիակատար ձախողում։ Բայց, մյուս կողմից, հայ հասարակությունը, որ սովոր էր իր լրագրության գլուխ տեսնել բացառապես գերմանական կրթություն ստացած մարդկանց, չէր կարող նաև ինչ-որ վստահություն չտածել սկսնակ խմբա֊