Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկարը պետք է մեզ վրա երկյուղ ազդեր և ոչ թե թախիծ։ Նա չի կարողացել իր ընտրած նյութի իսկական խարակտերը ներկայացնել, նա մեզ տվել է միայն իր շնորհալի վրձնի մի գեղեցիկ նմուշը։ Դա նկարչի միատեսակ ուղղության հետևանքն է։ Եվ որովհետև ամեն մի միատեսակություն երբեմն ծայրահեղության է հասնում, պ. Բաշինջաղյանի վրձինն էլ, դժբախտաբար, չէ խուսափել այդ ծայրահեղությունից, գոնե մեր դիտած վերջին նկարի մեջ։ Նրա լուսինը շատ է կոկլիկ, ջրի մակերևույթը շատ է արծաթափայլ։ Ինչո՞ւ նկարիչը չի աշխատում իր վրձինը բազմակողմանի դարձնել հենց նույնիսկ խաղաղ գիշերային տեսարանների վերաբերմամբ։ Մի՞թե չկա գիշերային երկինք առանց լուսնի, կամ մի թե լուսինը միշտ լրացած է լինում և երբեք կիսատ կամ եղջյուրավոր։ Քիչ արտադրել, բայց ուշադրությամբ մշակելով արտադրել, այս պետք է լինի բուն գեղարվեստի նշանաբանը։ Համակրելի հայ նկարիչը, հարկավ, այս նշանաբանին շատ լավ ծանոթ է, և նա շատ քիչ անգամ է շեղվում գեղարվեստի պահանջներից։ Այդ քչերից մեկը պետք է համարել նրա «Ռազմա-վիրական ճանապարհը»։

Մի ուրիշ անգամ ես կաշխատեմ ավելի մանրամասն խոսել պ. Բաշինջաղյանի վրձնի մասին, որ ներկայումս անկասկած ամենաշնորհալին է կովկասում։

ԶԱՆԿՈՎՍԿԻ-ՆԿԱՐԻՉ

Իպոլիտ Տենը ասում է՝ ամեն մի գեղարվեստագետ-ստեղծագործող իր կյանքում ունի երեք շրջան։ Առաջին, քանի նա երիտասարդ է, սիրում է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել կյանքը և բնությունը։ Այդ միջոցին նա արտադրում է ամենայն զգուշությամբ և միշտ դժգոհ է իր արտադրածից, միշտ կարծում է, որ նա չի կարողացել տալ այն, ինչ որ հարկավոր էր տալ։ Անցնում է այդ շրջանը, և գեղարվեստագետը կարծում է, թե նա արդեն ամեն բան գիտե, և այն ժամանակ սկսում է արտադրել այն, ինչ որ շատ առաջ ուսումնասիրել է։ Երրորդ շրջանը՝ գեղարվեստագետի տաղանդի մահացման

6 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Հ. X,