Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տկարությունը, բայց երբ նա օրենք է դառնում պետք է նկարչի տաղանդը արդեն իր մահացման կետին հասած համարել։ Ցավալի է, որ պ. Զանկովսկու վրձինը այդ տեսակ տպավորություն Է գործում։ Բայց ավելի ցավալի է որ մի քանի նոր սկսող նկարիչներ, ինչպես նկատել եմ, հետևում են Զանկովսկուն և աշխատում են նմանվել նրան։

ՀԱՅ ԱՐՏԻՍՏՆԵՐ

Բնությունը հավասար աչքով է նայում բոլոր ազգերի վրա։ Նրա համար նշանակություն չունեն ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական և ո՛չ մարդկանց ձեռքով ստեղծված ուրիշ արվեստական դրությունները։ Այն տաղանդները, որոնցով մեծ ազգերը պարծենում են, այդ ազգերի երկնային արտոնությունները չեն, այլ միևնույն բնության տուրքը, որ ամենքի վերաբերմամբ համահավասար թե՛ ժլատ է և թե՛ առատաձեռն։ Տարբերությունն այն է, որ խելացի և կրթված ազգը կամ հասարակությունը կարողանում է բնության տուրքը մշակել, կատարելագործել և օգտվել նրանից, իսկ տգետ և անկիրթ ազգերը արհամարհում են անգիտակցաբար այն, ինչ որ կարող է ծառայել իրանց փառքին, և անգթաբար խեղդում են ու թաղում անթիվ տաղանդներ և ուժեր։

Քանի-քանի գեղարվեստական տաղանդներ են մեզանում թառամում և մեռնում, չգտնելով մշակվելու, կատարելագործվելու և ապա փայլելու շրջան ու միջոցներ։ Այնինչ՝ երբ հանգամանքների բերմամբ իր շրջանի մեռցնող պայմանները հաղթելով, լույս աշխարհ է դուրս գալիս մի Այվազովսկի, մի Ադամյան՝ մենք, որ մի մատով անգամ չենք օգնել նրանց հաղթությանը, ամենայն համարձակությամբ սկսում ենք պարծենալ նրանց անուններով։

Սակայն վերջին տարիները մեզանում կատարվում է մի վերին աստիճանի ուրախալի երևույթ։ Բեմական և երաժշտական գեղարվեստը, որ մեզանում նոր-նոր սկսում է ծնունդ առնել, այժմ նկատելի կերպով առաջադիմություն է անում։ Հասարակությունը, որ անտարբեր էր դեպի այն բոլորը, ինչ որ կարող է նրբացնել և ազնվացնել նրա հոդին, սիրտն ու զգացումները,