սկսել է ավելի գիտակցորեն վերաբերվել դեպի իր շրջանից դուրս եկող գեղարվեստական տաղանդները։ Մի շարք հայ երաժիջտների և երգիչների՝ արտասահմանում հասարակական միջոցներով կրթվելը մի գեղեցիկ ապացույց է այդ գիտակցության։ Եվ նա, ով որ գիտե գեղարվեստի հզոր նշանակությունը մի ազգի բարոյական վերածնության համար, չի կարող չոգևորվել այդ ուրախալի երևույթով։ Հարկավ, այդ չի նշան ակում, որ ամեն մի արտասահման ուղարկվող մի-մի տաղանդ է։ Ընդհակառակը, մի քանի օրինակներ ցույց են տալիս, որ սխալներ տեղի են ունենում։ Բայց փույթ չէ, եթե մի հաջող ընտրության հետ կատարվեն թեկուզ մի քանի սխալ ընտրություններ։ Պետք է ուրախ լինել, որ հասարակության մեջ զարգանում է գիտակցական սերը դեպի գեղարվեստական տաղանդները, և նա միջոց է տալիս այդ տաղանդների կատարելագործությանը։
Մինչև այսօր մեր մեջ արդեն երևացել են մի շարք երաժիշտներ և երգիչներ, որոնք ասպարեզ են գալիս իբրև ոչ հասարակ դիլետանտներ, այլ իրանց արհեստին անձնատուր մարդիկ։ Եղե՞լ են և կա՞ն արդյոք նրանց թվում այնպիսիները, որ իրանց արհեստի մեջ լինեին արտիստներ, բառիս իսկական նշանակությամբ։ Դժբախտաբար այս հարցին պատասխանելը շատ դժվար է այն հիման վրա, որ արտիստ բառի միտքը մեզանում լավ չեն ըմբռնում։ Մենք ունենք երաժիշտներ, որոնք զուրկ չլինելով տաղանդից, միշտ դիլետանտի տպավորություն են թողնում։ Ունենք երգիչներ, որոնք ունենալով սքանչելի ձայն, բեմի վրա հիշեցնում են անշունչ մեքենաներ։ Եվ ցավալի է։ Բավական չէ ունենալ բնությունից ստացած հարուստ և գեղեցիկ ձայն, պետք է և այդ ձայնով օգտվելու շնորհք ունենար Բավական չէ նույնիսկ կոնսերվատորիաներում կրթվել, պետք է զգացմունք և արտիստական ճաշակ ունենալ։
Ձայնը ըստինքյան տաղանդ չէ, այլ տաղանդ արտահայտելու մի միջոց է, մի գործիք։ Արտիստը, երգիչ է նա թե երաժիշտ, պետք է խոսի մարդու զգացմունքների հետ։ Նա պետք է հուզի մարդու սիրտը, ուրախացնի, տխրեցնի, նա պետք է փոխի իր քիմքի համաձայն լսողի հոգեկան տրամադրությունը։