չի կարող քայքայել կամ խախտել։ Հայերը կարդալ սովորել են և սիրում են։ Այլ բան է, թե մեծամասնության մեջ դեռ մինչև այժմ տիրում է ձրի կարդալու ամոթաքի և խայտառակ սովորությունը, բայց թե հայերը ընթերցասեր են, այդ հերքել չի կարելի։ Այնինչ կարդալու բան մենք դեռ շատ քիչ ունենք։ Մեր ինքնուրույն գրականությունը հազիվ տարեկան երկու֊երեք ընթերցանության արժանի գիրք է արտադրում։ Գալով թարգմանականին, նրա վիճակը ավելի վատ կլիներ, եթե չլիներ Հրատարակչական ընկերության վերջին երկու, տարվա համեմատաբար եռանդուն գործունեությունը։ Բայց այն էլ, որ տալիս է այդ ընկերությունը, դեռ շատ և շատ քիչ է, համեմատելով ռուսահայերի ընթերցանության պահանջին։ Ինչ վերաբերվում է հայ պարբերական մամուլին, ասել, թե այդ մամուլը ընթերցանության նյութ է տալիս, կնշանակե պարզամիտներին մոլորեցնել։ Առհասարակ առօրյա անցողիկ լուրերով զբաղվող պարբերական թերթերը ոչ մի ասդի մեջ ընթերցանության համար լուրջ նյութ մատակարարող աղբյուր չեն համարվում, ուր մնաց հայ մամուլը։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր թերթերը ամենից քիչ մտածում են ընթերցողի լուրջ, մտավոր պահանջների մասին։ Եվ նրանք միջոց ու կարողություն էլ չունեն մտածելու։ Նրանց համար մի անցողիկ առօրյա խնդիր, մի դպրոցական վեճ, մի երեցփոխի ընտրություն, կամ մի ժամհարի գողոթյուն ավելի մեծ նշանակություն ունե, քան թե գրականությունը։ Եվ այդ շատ բնական է, հասկանալի, գուցե և ներելի դպրոցական մանր֊մունր վեճերը, երեցփոխի ընտրությունը կամ ժամհարի գողությունը թեև չնչին, աննշան բաներ են հասարակական մտքի ընդհանուր զարդարման տեսակետից, բայց օրվա խնդիրներ են, և լրագիրը նույնիսկ պարտավոր է նրանցով կերակրել իր ընթերցողներին։
Այսպես է հայ մամուլը։ Ահա ինչու այսօր հայ ընթերցողի գրականական ճաշակը այնքան փչացել և աղավաղվել է, որ նա անխտիր ամեն մի գրչով դրված և մուրով տպված բան գրականություն է համարում, լինի նա իսկապես մի գրականական գործ, թե մանր֊մունր թղթակիցների կամ հոդվածագրերի շաղփաղփանք։