Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համակրելի ձայնով առանձին աջողություն ունեցավ, մանավանդ կոնցերտի երկրորդ բաժնում, իսկ Պ. Շահլամյանի սքանչելի ձայնը մի առանձին գրավչությամբ էր հնչում։


ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ


Հրագիրներից իմացանք, որ շուտով Մոսկվայում պետք է սկսի լույս տեսնել մի նոր գրականական հանդես «Խոսք» վերնագրով։ Վաղուց է արդեն նույն Մոսկվայում գոյություն ունե մի ուրիշ հանդես «Գրականական և պատմական» վերնագրով, որ մերթ նիրհում է, մերթ լույս է տեսնում անկանոն։ Մի ուրիշ գրականական հանդես - «Արաքսը» - հրատարակվում է Պետերբուրգում։ Իսկ անցյալ տարվա վերջից սկսեց հրատարակվել Թիֆլիսում մի նոր հանդես - «Հորիզոնը»։

Այսպիսով, «Խոսքը», եթե չենք սխալվում, թվով չորրորդ հանդեսը պետք է լինի ռուսահայերի մեջ։ Կա և մի ուրիշ ժողովածու, որ երբեմն լույս է տեսնում Թիֆլիսում «Թատրոն» վերնագրով։ Բայց նա նվիրված է բացառապես թատրոնին, իսկ մի այդպիսի հրատարակություն մեզ համար առայժմ մի ավելորդ բեռ է։ Մի հասարակության մեջ, ուր չկա ոչ թատրոն, ոչ բեմ և ոչ նույնիսկ մի քիչ թե շատ կանոնավոր դերասանական խումբ, մի թատրոնական հանդես չի կարող աջողություն ունենալ։

Այլ են գրականական հանդեսները։ Այս կողմից նրանց ասպարեզը անհամեմատ մեծ է։ Գրականություն ասած բանը ինքնըստինքյան մի ընդարձակ աշխարհ է, որ ամփսփում է իր մեջ և զուտ գրականությունը, և թատրոնականը, և երաժշտականը, և գիտնականը, և մանկավարժականը, և գեղարվեստականը, ամեն ինչ, որ կարող է վերաբերվել հասարակական մտքի և զգացումների թեորետիկական զարգացմանը։ Գրականական հանդեսները ոչ միայն ավելորդ չեն մեզանում, այլև վերին աստիճանի անհրաժեշտ մի պիտույք են։

Կես դարուց ավելի է նորագույն հայ գրականությունը գոյություն ունե և արդեն իր համար ստեղծել է մի այնպիսի ամուր հիմք, որին ոչ մի անցողիկ կամ հարատև խոչընդոտ