Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղցր է։ Նա ունե տուն, տեղ, հարստություն, կալվածներ, ծառաներ, որ կատարում են նրա ամեն մի հաճույքը։ Ինչո՞ւ մեռնել, քանի որ կյանքը այդքան քաղցր է և թեթև։ Ահա Նիկիտան ուրիշ բան է, նա կարող է մեռնել, նա ոչինչ չունի կորցնելու, նրա կյանքը ծանր է, դառն և անտանելի։ Այսպես է մտածում Նիկիտայի մասին Բրեխունովը, այսպես է մտածում նաև ինքը Նիկիտան իր մասին։ Եվ ահա մեկը մահից սարսափում է և հայտնում է նրան վճռական պատերազմ, մյուսը դիմում է դեպի մահը սառնասիրտ, անվրդով։ Ճշմարիտ է, նրա համար էլ «սափսոսալի է թողնել սովորականը, ապրած, անցկացրածները, բայց, էհ, ի՞նչ արած, նոր կյանքին ևս պետք է ընտելանալ»։ Եվ նա արդեն սկսում է ընտելանալ այդ նոր կյանքին, որավհետև հավատում է ապագային։ Նա աղոթում է, թողություն է խնդրում իր մեղքերին և այն միտքը, «թե ինքը մենակ չէ, այլ կա Մեկը, որ լսում է նրա աղոթքը և անօգնական չի թողնիլ նրան», հանգստացնում է նրան։

Այնինչ Բրեխունովը կռվում է շարունակ։ Նա փաթաթված է երկու մուշտակի մեջ, թաքնված է կառքում, բայց ավելի է սառչում, ավելի է տանջվում, քան Նիկիտան իր թեթև հագուստով սառն ձյունի մեջ։ Վերջապես ուղում է մի կերպ «մենակ» ազատվել մահից։ Նստում է կառքի միակ ձիու վրա և ուզում է հեռանալ։ Սակայն ձին պտտում է միառժամանակ ձյունի բուքի մեջ և կրկին նույն տեղը թավալելով իր վրայից Բրեխունովին։ Մոտենալով Նիկիտային, Բրեխունովը տեսնում է, որ նա մեռնում է ցրտից և արդեն պատրաստվում է վերջին շունչը տալ։ Այստեղ Բրեխունովի մեջ տեղի է ունենում մի խորհրդավոր փոփոխություն, և այդ վայրկյանից մարդը կերպարանափոխվում է։ Նա ցավում է Նիկիտայի մասին և պառկում է նրա վրա, որ երանով ջերմացնի նրա սառչող մարմինը, շունչ տա նրան։ Նիկիտան տաքանում է, կյանքը սկսում է վերադառնալ։ Եվ այն զգացումը, թե ինքն է այդ մարդուն կյանք տվողը, մի նոր, անսովոր ուրախություն է պատճառում Բրեխունովին։ Նա ուզում է մեկին հայտնել իր այդ անսովոր ուրախության մասին և ուզում է ասել Նիկիտային․

- Այդպես, եղբայր, ես կորչում էի․ դու էլ կսառչեիր, ես սկսում է նա, բայց աչքերը լցվում են արտասուքով,