Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չնայելով իր կնոջ թախանձանքին՝ ճանապարհ չընկնել այդ սոսկալի ձյունին ու բուքին, Բրեխունովը չի համաձայնվում և ուղևորվում է Նիկիտայի հետ։ Նրան սպասում է մի շահավետ առևտուր։ Նա գործնական մարդ է, անձնատուր եղած փող և միայն փող վաստակելու արհեստին, նա չի ուզում ձեռքից բաց թողնել մի առևտուր, որ խոստանում է նրան տասնյակ հազարներ։ Նա այնքան վստահ է իր աստղի վրա, որ արհամարհում է բնության արհավիրքը և սպառնալիքը։ Մի քանի վերստ նա գնում է կառքով աջող, բայց ահա բուքը սաստկանում է, ճանապարհը անհետանում է, և Բրեխունովը հասնում է մի գյուղ, իր ընտրած ճանապարհից հեռու։ Երեկո է, սառած և հոգնած և տանջված նա իր բանվորի հետ ընդունվում է մի գյուղացու ընտանիքում, որը նրանց հյուրասիրում է քրիստոնեաբար, հորդորում է ճանապարհը չշարունակել, գիշերել իր մոտ և վաղը ուղևորվել։ Բայց շահամոլության զգացումը այնքան մեծ է Բրեխունովի մեջ, որ նա չէ ուզում այսօրվա գործը վաղվա հետաձգել։ Կեսգիշերին նա կառքը լծել է տալիս և Նիկիտայի հետ նորից ճանապարհ ընկնում։ Մի քանի վերստ անցած, նա գիշերվա խավարին ճանապարհը դարձյալ կորցնում է։ Իսկ ձյունը և բուքը ավելի ու ավելի սաստկանում են։

Խորը տպավորություն են անում վեպիկի այն էջերը, ուր նկարագրված է հյուսիսային դաշտավայրի ձմեռային արհավփրքը։ Տեղ-տեղ այդ նկարագրությունն այնքան ռեալական, այնքան գեղեցիկ է, որ մարդ ոչ միայն զգում է, այլև զգացվում, կենդանի պատկերացնելով սոսկալի տեսարանը։ Վերջապես, կառքը թավալվում է մի տեղ և ճանապարհորդները այլևս անկարող են շարունակել իրանց ուղին։ Ահա այստեղ է սկսվում մարդու ընդդիմադրությունը բնության հարվածներին, այստեղ է նաև հեղինակը պատկերացնում «չարիքին ընդդիմադրելու» ապարդյուն և անզոր լինելը։

Եվ ընդդիմադրում է բոլոր իր ուժերով Բրեխունովը-տերը, իսկ Նիկիտան-բանվորը, այդ գռեհիկ և արբշիռ դյուղացին, որ միշտ բնության հետ է գործ ունեցել, հեզությամբ խոնարհվում իր ճակատագրին։ Բրեխունովը չի ուզում մեռնել, նա փափագում է ապրել, որովհետև կյանքը նրա համար