մի հրեշտակ կին, ճիշտ այնպես, ինչպեա պատահում են անցյալ դարի վեպերի և պիեսների մեջ։ Նրա Արկադի Սամսոնյանր հանդիսականի և ընթերցողի մեջ հարուցանում է զզվանք, որ երբեք վրդովմունքի կամ բարկության չէ հասնում, վասնզի բարկանալ կամ վրդովվել կարելի է միայն մարդու դեմ, իսկ Սամսոնյանը մարդ չէ, այլ մի մարմնացած անասնական ստոր և զազրելի կիրք։ Նրա Մարգարիտը խղճալի է արդարև և ողորմելի, բայց ոչ հետաքրքրական, շնորհիվ իր տարրական և նույնիսկ մանկական հայացքների կյանքի մասին։ Նրա Արտաշես Արամյանը ժամանակակից հայ գաղափարական երիտասարդի տիպը չէ, այլ նրա կարիկատուրան, որի բերանում սեր, հայրենիք, անձնազոհություն բառերը հնչում են արվեստական հոգով և առանց զգացմունքների։ Էլ չենք խոսում պիեսի մյուս, երկրորդական անձերի մասին, որոնք ընդհանուր առմամբ նույն տեսակ կարիկատուրաներ են։ Շատ հեռու կտաներ մեգ պիեսի մանրամասն քննությունը և մենք անկասկած կքննեինք նրան, եթե ցավալի չլիներ մեզ համար տեսնել մեր միակ դրամատուրգի տաղանդը այնքան մանրացած և աննշան դարձած, որքան «Ամուսինների» մեջ։
Մենք պ. Սունդուկյանցի տաղանդի անկեղծ հարգողներից ենք։ Մենք խոնարհվում ենք այդ տաղանդի առջև, որ ստեղծագործել է «Պեպոյի» և «Քանդած օջախի» պես սիրուն երկեր։ Բայց չենք կարող շողոքորթել ուրիշների պես և կեղծությամբ մոլորեցնել նրան իր իսկական արժանապատվությունների վերաբերմամբ, ասելով, թե «Ամուսինները» կարող են արժանի համարվել «Պեպոյի» հեղինակի գրչին։ Մեզ համար ցավալի է պ. Սունդուկյանցի տաղանդը տեսնել այն շրջանում, ուր նա տկար է և անզոր։ Նոր կյանքի ոգին ընբռնելու և նրա պահանջների արտահայտիչ լինելու համար հարկավոր են ուրիշ շատ պայմաններ, որոնց չունե և չի կարող ունենալ պ. Սունդուկյանցի տաղանդը։ Իբրև Թիֆլիսի ժողովրդի կյանքի նկարիչ - նա չէ ունեցել և չունե իր հավասարը, իբրև բեմական հեղինակ այդ կյանքի վերաբերմամբ - նա նույնպես անզուգական է. բայց իբրև ժամանակակից կյանքի ոգու արտահայտիչ - նա անզոր է, անզոր նույնիակ իր տարրական և անազդեցիկ գրականական բարբառով։