Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Լոռեցի Սաքոն», իբրև ինքնուրույն պոեմ, արտահայտում է պ. Հովհ. Թումանյանի բանաստեղծական անհերքելի ձիրքը։ Պոեմի նյութը վերցրած է ժողովրդական կյանքից։Նկարագրված է մի քաջ հովիվ, որ սնահավատության զոհ է դառնում։ Նա վախենալով երևակայական «քաջքերից» և «չարքերից», խելագարվում է...

Պ. Թումանյանցի պոեման կարդացվում է սիրով։Նրա ոճը բավական սահուն է, հանգերը գեղեցիկ։ Հեղինակը ունի առհասարակ բանաստեղծական կրակ և զգացումների խորություն։ Նրա ոտանավորները բռնազբոսիկ չեն, հանգերը գրավիչ են և զերծ միատեսակությունից։ Միայն նա երբեմն ժողովըրդական բարբառը ի չարն է գործածում և շատ անգամ դիմում է այնպիսի բառերի օգնության, որ նուրբ լսողություն ունեցողի ականջին կարող են խորթ հնչել։«Մզդուրներ»,«շհուն ու պկուն », «կռնաբռնուկ», «հոքիր», « կաղնըքի» և այլն բառերը գուցե լավ լինին ժողովրդական կյանքից վերցրած մի արձակ պատկերի մեջ, բայց քնաբերդության մեջ անախորժ են թվում, մանավանդ' երբ հեղինակի բերանից են լսվում։

Բայց այդ բոլորը այնպիսի թերություններ են, որոնցից երիտասարդ բանաստեղծը ապագայում կարող է ազատել իր գրիչր։ Գլխավորը բանաստեղծական ձիրքն է, որ, կրկնում ենք, անհերքելի է նրա մեջ։ Մի բան, որ պակասում էր պ. Թումանյանցին դա համեմատություններն են և տեսարանների նկարագրության մեջ ազդու պատկերավորության բացակայությունը։ Այս թերությունը մանավանդ երևում է այնտեղ, երբ հեղինակը բնությունն է նկարագրում։

«Երկիրը ուզում է կարծես փախչել իր տեղից», «Գետինը դողում, շարժվում է հիս՝քից» և այլն. դրանք պատկերներ չեն,այլ՝ խոսքեր։

Պետք է նկարագրության մեջ լինել ռեալական և հենց ռեալական նկարագրությանը ներշնչել բանաստեղծական ոգի։ Կարող է «Գետինը հիմքից չշարժվել» բանաստեղծի գրչի տակ,բայց միևնույն ժամանակ այնպես ռեալական նկարագրվել, որ ավելի ազդի ընթերցողի վրա․․․

Տողերիս գրողի խորին համոզմունքն է, որ Հովհաննես Թումանյանցը մեր երիտասարդ քնարերգականների շարքում