նամ է, վառվռուն իդեալիստը կատաղում է և բորբոքվում։ Պիեսը վերջանում է իդեալիստի ջերմ զգացումներով տոգորված երկար հարձտկողական մի ճառով, որով նա ոտնատակ է անում ներկա սերունդը՝ ի դիմաց իր որդու…
Պիեսի կենտրոնը մի կողմից այդ ծերունին և նրա վաղեմի ընկերն են, վաթսունական թվականների ռուս երիտասարդության այդ վերջին ներկայացուցիչները, մյուս կողմից՝ Կոնստանտինը և նրա ընկեր Կրուտոնոսովը, այժմյան երիտասարդության ներկայացուցիչները։ Այդ երկու սերունդների բարոյական խիստ և որոշ տարբերությունն է իրոք կամեցել պատկերացնել Պոտապենկոն։ Մի կողմից՝ անշահասիրություն, մաքուր իդեալականություն, մյուս կողմից փողի երկրպագություն, խղճի և զգացումների վաճառք ոսկու տոպրակների համար. ահա պիեսի ծուծը։ Հաղթությունը տանում է փողի երկրպագությունը։ Կոնստանտինը ամուսնանում է հարուստ այրիի հետ։ Այրին հաշտվում է իր «ընտրածի» նախկին սիրուհու հետ։ Այդ նախկին սիրուհին էլ ամեն ինչ ներում է նրան, մինչև անգամ շնորհավորում է։ Հարուստ այրիի տված երեսուն հազար ռուբլի կաշառքը ստիպում է նրան մոռանալ և սեր, և′ պատիվ, և′ ինքնասիրություն։ Այս կաշառքի տեսարանը, որ կատարվում է պիեսի վերջը, զզվելի է ավելի, քան այն բոլոր տեսարանները, ուր երևում է մանրավաճառ Կոնստանտին Դբոլցևը։
Գրականական տեսակետից պիեսն ունի շատ թերություններ։ Նախ՝ միանգամայն անորոշ է ուսանող Միշայի տիպը։ Երկրորդ՝ անհասկանալի է նրա քրոջ վարմունքը։ Սկզբում այդ կինը, կարծես, երևում է բարոյական և պատվասեր. բայց հպարտ օրիորդը, ոսկիների անունը լսելով, հանկարծ, առանց ներքին պատերազմի, մի րոպեում փոխվում է, իր բարձրությունից գլորվում։ Անբնական է և չափազանցության հասցրած հարուստ այրիի հարաբերությունը իր ծնողների հետ։ Մի դուստր, որքան էլ փչացած լինի, իսկ Ուտկինան դեռ շատ էլ փչացած չի երևում, իր հարազատ հորը օտարի մոտ չի անվանիլ «թեթևամիտ», թեկուզ կատակով։ Նրա հոր՝ Պոլովցևի (Հարությունյան) տիպը տիպ չէ, այլ ծաղրանկար, ինչպես և ծաղրանկար է և Կրուտոնոսովը։ Նույնիսկ պիեսի գլխավոր