Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընծայում գրքույկներ «նոր ուղղությամբ»։ Իսկ Փարիզում ամեն մի տարօրինակություն աղմուկ է հանում։ Հասաարակությունը ուշադրություն է դարձնում, հետաքրքրվում է։ «Նոր ուղղությունը» երես է առնում, հրատարակում է իրան գրականական դպրոց, գտնում է նաև մի շատ տաղանդավոր պարագլուխ՝ Պոլ Վեռլենին, մի մարդու, որի մուսան բոլորովին կապ էլ չի ունեցել դեկադենտների երևակայական մուսայի հետ։ Հասարակությունը նախ սկսում է ծաղրել, ապա լուրջ ուշադրություն դարձնել։ Ասենք, ծաղրը այսօր էլ շարունակվում է, բայց դեկադենտներն այնքան երես են առել, որ գրականությունը ստիպված է նրանց հետ հաշվի նստել։ Նրանց համարձակությանը նպաստում է և այն հանգամանքը, որ Զոլայի նատուրալիզմը արդեն ձանձրացրել է նորամոլ ֆրանսիացիներին, որոնք այժմ ծարավ են գրականական մի նոր հոսանքի…


Գրեթե նույնպես ծագել է նկարչության մեջ և էմպրեսիոնիստների շկոլան։ Փարիզում կան ներկայումս, Անտոկոլսկիի ասելով, մոտ 30,000 նկարիչ։ Կար մի հատիկ սալոն, ուր տաղանդները կարողանում էին իրանց փայլը ասպարեզ հանել։ Այդ սալոնը տարեկան ընդունում է 4,000 նկար։ Կարիք կար երկրորդ սալոնի, բաց արին, բայց այդ էլ քիչ էր, և շատ երիտասարդ անհայտ նկարիչներ մնում էին դռներից դուրս։ Ահա այս դրսում մնացածներն էին, որ կազմեցին դեկադենտների պես մի շրջան և հրատարակեցին նոր ուղղություն նկարչության մեջ։ Տարբերությունն այն է, որ էմպրեսիոնիստները ավելի խելացի են և իրանց նոր ուղղությունը բացատրում են ավելի հասկանալի խոսքերով։ Նրանք ասում են, թե նկարիչը չպիտի ընկնի դետալների ետևից, այլ պիտի աշխատի տալ միայն առաջին տպավորությունը (premiere impression,)։ Ահա հենց այս impression բառից է ծագել էմպրեսիոնիստ (տպավորական) անունը։ Բացի դրանից, նրանք ասում են, որ նկարիչները պեյզաժը նկարում են տանը նստած։ Այս պատճառով նրանց երանգները կորցնում են իրանց բնականությունը, որովհետև նկարիչը տանը այնպես ճիշտ չի կարող