Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրկնում եմ, էֆեկտների ետևից ընկնելը չէ պ․ Բաշինջաղյանի վրձինի թերությունը, այլ բոլորովին ուրիշ բաներ։ Նա կարող է ընտրել ինչ էֆեկտային տեսարաններ ևս կամենա, այդ իր գործն է։ Բայց միայն պիտի իրական և ճիշտ նկարի ընտրածը, ահա գլխավորը։ Իսկ այստեղ պ. Բաշինջաղյանը երբեմն մեղանչում է գեղարվեստի գեմ։ Նա իր ընտրած առանց այն ևս մաքուր, խաղաղ, անդորր և գեղեցիկ տեսարանները արհեստական կերպով ավելի է մաքրում։ Վերցնենք ներկա հանդեսում նկարչի հենց «Մանթաշյանի յուղի գործարանը», որ, կրկնում եմ, նրա ամենաընտիր գործն է։ Ի՞նչ կարիք կար այդ գործարանի շրջակայքը այնպես հարթել, մաքրել, ողորկել, ինչպես մի պտրկետ։ Չէ՞ որ դա Բաքվի այն նավթային յուղի գործարաններից մեկն է, որոնց շուրջը միշտ կեղտոտ է, երբեմն նաև նավթային լճակներով ծածկված։ Բացի դրանից, ինչո՞ւ այդ ցրված խողովակներից ծուխ չի դուրս գալիս։

Բայց գանք պ. Բաշինջաղյանի գլխավոր թերությանը, որ սպառնում է նրա արվեստագետի վրձինը դարձնել արհեստավորի վրձին։ Դա նրա բեղմնավորությունն է։ Հարկավ, երեխայություն կլիներ արտիստին կամ հեղինակին մեղադրել, թե ինչու է նա շատ նկարում կամ գրում։ Բայց մենք իրավունք ունենք պահանջելու, որ նա շատ նկարի կամ գրի։ Հայնեն ասում է.«Շտապ գրված գրքերը իմ մեջ նախապաշարմունք են զարթեցնում։ Օրինավոր կինը հարսանիքից ինն ամիս անցնելուց առաջ չի ծնում»։

Նույնը կարելի է ասել և բոլոր գեղարվեստական գործերի մասին։ Ամենալավ գեղարվեստական գործերը հեղինակների դառն տանջանքների արդյունք են։ Կարդացեք Գունոյի կենսագրությունը և տեսեք որքան է աշխատել իր «Ֆաուստ»-ի վրա։ Նույնն է և գրականական երկերի վերաբերմամբ։ Գոգոլը 14 անգամ ուղղում է ու արտագրում իր երկերը, իսկ Տուրգենիը՝ 10 անգամ․ և դարձյալ դժգոհ էին, որ ժամանակ չունեին երկու անգամ ավելի ուղղել և արտագրել։ Իսկ Բրյուլլովի, Իվանովի հսկայական նկարները մի՞թե օրերի և շաբաթների արտագրություն են։ Եթե պ. Բաշինջաղյանին խրախուսում է Այվազովսկու օրինակը-զո՛ւր։ Հռչակավոր մարինիստը ահա