Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանաստեղծ։ նրա վրձինի փափկությանը և ճկունությանը՝ օդ և ջուր նկարելում, կարող էին նախանձել ավելի բարձր նկարիչներ, քան Կովկասինր։

Կան մարդիկ, որ ասում են, թե պ. Բաշինջաղյանը էֆեկտների ետևից է ընկնում։ Մեր կարծիքով, այս չէ նկարչի վրձնի թերությունը։ Առհասարակ պետք է շատ զգույշ լինել էֆեկտ բառը գործածելս թե՛ նկարչի, թե՛ երաժշտագետի և թե՛ բանաստեղծի գործերը քննելիս։ Շատ անգամ մեզ էֆեկտավոր է թվում ստեղծագործողի նկարը, երաժշտական գործը կամ երկը, լոկ այն պատճառով, որ նա ռելեֆ է արտադրված, որ դիտողը, Լսողը կամ ընթերցողը իսկույն որոշում է գործի բնավորությունը և անմիջապես ազդվում։ Ոչ մի խելացի քննադատ Շեքսպիրին կամ Շիլլերին չի մեղադրիլ այն բանի համար, որ նրանց երկերը բոլորն էլ էֆեկտավոր բովանդակություն ունին։

Բոլոր գաղտնիքը արտահայտելու եղանակի մեջ է։ Ինչ կասեին պ․ Բաշինջաղյանին էֆեկտի համար մեղադրողները, եթե տեսնեին Կուինջիի «Գիշերը Դնեպրի վրա» կամ «Լուսնկա գիշերը Ուկրաինայում», որոնց մեջ լույսը և ստվերը, այսպես ասած, իրանց ամենաթանձր էֆեկտով են արտադրված։ Այնինչ այս նկարներն են համարվում ռուս նշանավոր պեյզաժիստի ամենաջող գործերը։ Մի՞թե Ռեպինի «Իվան Գրոզնին և յուր որդին» էֆեկտավոր նկար չէ-այն մոմենտը, երբ սոսկալի բռնակալը սպանել է որդուն և հետո գրկել նրա ջախջախված և արյունոտ գլուխը։ Միթե էֆեկտավոր նկար չէ Վերեշչագինի «Պատերազմի ապոթեոզը»- այդ գանգերի ահագին կիտվածը, որ բռնազբոսիկ և տենդենցիոզ կերպով բարձրանում է բուրգի նման, որպես պատերազմի սոսկալի արձան։ Այստեղ էֆեկտը չի ոգևորել նկարչին, այլ երևույթի ներքին իմաստը։

Բայց որովհետև պ. Բաշինջաղյանը Վերեշչագին չէ, և ոչ Ռեպին, ուստի հենց որ նա մի ազդեցիկ գործ է արտադրում, պետք է գոռալ, նկարիչը էֆեկտների ետևից է ընկած։ Դա էլ մի տեսակ մոդա է, թութակի պես անգիր արված մի դարձված, որի բովանդակությունը չգիտեն իրանք՝ արտասանողները…