Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շեցրեց պ․ Պախոմովի և Էյսների փքուն ոճով գրված մի հրավերը Կովկասյան նկարիչներին՝ շփվել մայրաքաղաքի նկարիչների հետ։ Պախոմովները և էյսներները իրանք կարոտ են աշակերտության։ Իսկ մեր նկարիչների համար խրատական կլիներ շփվել ռուսական ընտիր վարպետների հետ…

Հանդեսում դրված են 52 զանազան քանդակագործական իրեր, որ պատկանում են Խոդորովիչին, Յացունսկուն և մի հատիկ էլ (Շոթա Ռուսթավելիի արձանը)՝ Նիկոլաձեին: Խոդորովիչի գործերը ընդհանրապես գեղեցիկ են, մանավանդ նրա խմբային գործերը, որ գեղարվեստին հմուտ վարպետի ոգի են արտահայտում։ Յացունսկու գործերն էլ բավական տպավորություն են թողնում։ Իսկ պատանի Նիկոլաձեն ապագա է խոստանում։

Դժբախտաբար, քանդակագործությունը այժմ գեղարվեստների մեջ սկսում է կատարել արհեստի դեր, ինչպես ճարտարապետությունը։ Երկյուղ կա, որ մի օր այդ գեղարվեստն էլ կկորցնի իր նշանակությունը այնպես, ինչպես կորցրեց կաքավագրությունը (хореография), որ մի ժամանակ համարվում էր կենդանի անդրիագործություն (живая скульптура)։ Սակայն աշխատողներ կան ո՛չ միայն անդրիագործությունը բարձրացնելու, այլև, եթե հնար է, կաքավագրությունը հասցնել իր նախկին դրությանը… Իսկ այժմ ֆակտն այս է, որ քանդակագործությունը նույնիսկ Իտալիայում և Փարիզում փայլուն դրության մեջ չէ…

Վերջացնելով մեր խոսքը պատկերահանդեսի մասին, կցանկանայինք, որ մեր հարգելի նկարիչները չվհատվեին հասարակության համեմատական անտարբերությունից և ավելի զարգացնեին իրանց ձիրքը, մանավանդ ճաշակը…


ԴԱՐՁՅԱԼ ԼԵԶՎԻ ԵՎ ՈՃԻ ՄԱՍԻՆ


Ավանդապահությունը սառած և քարացած ուղեղների հատկանիշն է։ Այն մարդը, որի համար գոյություն չունի էվոլուցիա ասված բանը, ավանդապահ է նույնիսկ ամենակեն-