Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սունակ տարրերի վերաբերմամբ։ Նա պահանջում է, որ ամեն ինչ անշարժ մնա, ինչպես իր մտավոր աշխարհը, թմրած, ինչպես և իր զգացումները։ Նրան սարսափեցնում է ամեն առաջադիմություն, ամեն փոփոխություն կյանքի մեջ, միևնույն է, այդ փոփոխությունը մարդկային բարոյական օրենքներին է վերաբերում թե հագուստին։ Ավանդապահ ասիացին իր կեղտոտ, ծանր մորթե փափախը գերադասում է եվրոպական գլխարկին և երկայն, անհարմար չուխան ժամանակակից սյուրտուկին և պատրաստ է պաշտպանել նրանց ամեն տեսակետից։ Զուր կլինի ապացուցանել, թե փափախը ծանր է, չուխան անհարմար, նա գոհ է իր ունեցածից և անկեղծ հոգով ծաղրում է ձեզ։ Նախանձելի չէ այն կենդանի մարդու վիճակը, որ հանդգնում է ավանդապահների փակ ուղեղների դռները բանալ և մտցնել այնտեղ որևէ նոր միտք։ Նա հալածվում է ամեն քայլում բթամիտ ամբոխից իբրև հերետիկոս։

Ավելորդ կլիներ թվել, թե հայ կյանքի որ ճյուղերում և որպիսի ավանդապահներ են երևացել և երևում։ Նա, որ հետևել է այդ կյանքի զարգացմանը, գիտե, թե ժամանակ-ժամանակ մեր ավանդապահներն որպիսի սարսափ են արտահայտել ամեն մի նոր երևույթի վերաբերմամբ։

Վերջին ժամանակ մեր ավանդապահների շրջանում տիրում է սարսափ հայ գրական լեզվի վերաբերմամբ։ Սկսվել է աղաղակ, իրարանցում։ Մեր լեզուն աղավաղվում է, մեր նոր գրողները հայերեն չգիտեն․ մտածում են ռուսերեն և գրում հայ տառերով, ահա այն սովորական դարձվածները, որ գրեթե ամեն օր կկարդաք հայ լրագրներում։ Եվ գրողներն ու գոռացողները ովքե′ր են։ Մարդիկ, որոնք իսկապես ոչ մի լեղու չգիտեն։ Մարդիկ, որ դեռ երեկ անգիր էին անում հայ քերականության մի քանի տարրական կանոնները և այսօր կարծում են, թե իրավունք ունին դատողություններ անել ոչ միայն այդ կանոնների, այլև գեղարվեստական գրողների ոճի և մտածելու եղանակի մասին։ Այսինչ հեղինակը իր գրվածում գործ է ածել մի դարձված, որ դյուրությամբ թարգմանվում է ռուսերեն կամ ֆրանսերեն, հետևաբար նա մտածում է ռուսերեն կամ ֆրանսերեն, նա հայ չի, պիտի կործանել նրան։ Մյուսը տելեֆոնը չի թարգմանում «հեռախոս»,