Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շակին տվել է քմահաճ ուղղություն։ Տվեք մեզ Ադամյան—Համլետ, Ադամյան—Օթելլո, Ադամյան—Լիր, Ադամյան—Ակոստա, և մենք կգնանք թատրոն՝ ահա ինչ էր լսվում մի ժամանակ և գուցե այժմ։ Եվ որովհետև Ադամյանները դասերով են ծնվում, չկան մեր մեջ և գուցե երկար ժամանակ չպիտի լինեն, ուստի հասարակությունը սառավ դեպի մայրենի բեմը անզուգական տաղանդի մահից հետո։

Ահա ձեզ հանճարի ուժը։ Արդարացի՞ է արդյոք հասարակության պահանջը։ Երբեք։ Ոչ մի ազգի բեմի վրա ամբողջ խումբը բացառապես բաղկացած չէ զուտ տաղանդներից։ Իսկ Ադամյանի նման դերասանները հազվագյուտ են նույնիսկ Եվրոպայում։

Կրկնում ենք, յուրաքանչյուր բեմի առաջադիմության համար ավելի կարևոր է անսամբլը։ Այս տեսակետից ահա մեզ համար շատ ուրախալի է հաստատել, որ այժմ հայ դերասանական խումբը կազմված է ավելի հաջող, քան երբևէ, քան այն ժամանակ, երբ մեր բեմի վիճակը հիմնված էր մի կամ մի քանի բացառիկ ուժերի վրա։ Այժմ մենք ունինք անսամբլ և գովելի անսամբլ։ Ապացույց այն երկու ներկայացումը, որ տրվեցին ուրբաթ, փետրվարի 27֊ին և երեքշաբթի, մարտի 3-ին։ Մենք խոսում ենք «Չարլեի մորաքույրը» անունով ֆարսի և Զուդերմանի «Հայրենական տուն» լուրջ դրամայի ներկայացման մասին։ Իրոք առաջին ներկայացման մասին չարժե խոսել հենց այն հիման վրա, որ «Չարլեի մորաքույրը» մի խեղկատակություն է և ոչ պիես։ Բայց այդ ներկայացումը ուշադրության արժանի է այն տեսակետից, որ նրա մեջ երևան եկավ խմբի կոմիկական տարրի ուժը։ Մենք տեսանք, որ պ. Արաքսյանը իբրև կոմիկ վերջին սեզոնին արել է անպայման առաջադիմություն, որ նա առհասարակ լավ կոմիկ է և կարևոր ուժ մեր բեմի համար։ Մենք ծանոթացանք պ. Թուրյանի կոմիկական տաղանդի հետ, իմացանք, որ, չնայելով ժամանակի ազդեցությանը, նա դեռ Տեր-Դավթյանի աջող մրցակիցն է և գուցե տեղ-տեղ նրանից բարձր։ Տեսանք նաև, որ մեր լուրջ դերասանները նույնիսկ ֆարսերի մեջ կարողանում են բավական գեղարվեստական հաճույք պատճառել հանդիսականներին։