Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոդվածից տողեր և պ. Աղայանցի անունը դուրս բերելը պարզ ապացուցվեց։ Ասացի, թե այլ խնդիր է՝ պ. Արծրունին ինքնակա՞մ է դուրս բերել այդ պարոնի անունը, թե այրիի խնդիրքով։ Պնդեցի, թե բացի «Արձագանք»֊ի ասածից, պ․ Արծրունին հանգուցյալի հոդվածից ջնջել է և «Փորձ»-ի ու «Արձագանք»-ի մասին ծանոթությունը, ուրեմն հայտնվում է, որ նա կրկնակի է մեղանչել գրականական բարեխղճության դեմ։

Հիշեցի ժողովրդական այն առածը, թե «ձվի և ձիի գողությունը միևնույնն է», գողությունը գողություն է, պ․ Արծրունին մի տող է ջնջել, թե հարյուր տող,- այդ նշանակություն չունի, թե հենց այն մի քանի ջնջված տողերը պարզ ապացուցանում են, որ հոդվածը ուղղված է պ․ Աղայանցի դեմ և այլն, և այլն…

Ի վերջո ամենամեղմ կերպով նկատեցի․

- Դուք, պ․ Արծրունի, համարձակվել էիք ինձ «անազնիվ» և «ստախոս» անվանել,ես պիտի ձեզանից բացատրություն պահանջեմ, իզուր եք վրդովում ձեր արյունը։

Երևակայեցեք, համարձակվել բառը վիրավորեց պ. Արծրունուն, այն Արծրունուն, որ ինձ համար վիրավորեցուցիչ չէ ամարում «անազնիվ» և «ստախոս» բառերը։ Նա ավելի սկսեց յուր գոռոցը բարձրացնել։ Այդ միջոցին ռուսերեն լսեցի․

- Успокойся, Крикор, чорт с «Ардзаканком» и другими․ (Հանգստացիր, Գրիգոր, սատանան տանի «Արձագանք»-ին էլ, ուրիշներին էլ)։

Դրուգոյներից մեկն էլ ես էի։

Ես դարձյալ զսպեցի ինձ։ Բայց պ․ Արծրունին դրանով ևս չբավականացավ։ նՆա գոռաց․

- Я все таки повторяю, что они все лгут и врут. (Ես դարձյալ կրկնում եմ, որ նրանք բոլորն էլ ստում են և կեղծում)։

Այդ րոպեին պ․ Արծրունին յուր շարժվածքներով, յուր դես ու դեն թռչկոտելով, յուր վրդովվելով, յուր վայրիվերո խոսքերով այնքան ողորմելի, այնքան ընկճված էր։ որ ես հավատացնում եմ, ի սրտե մեղքացա նրան, և իմ բերանից ակամա թռավ հետևյալ դարձվածը․

- Պ․ Արծրունի, ես ձեզ խղճում եմ։