Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա հետևում է լավ շկոլայի, ձգտում է լինել ավելի բնական, էժանագին էֆեկտների հետևից չի վազում։ Եթե տիկ. Սիրանուշի խաղը տեղ֊տեղ փայլում է զորեղ, մանավանդ դրամատիկական մոմենտներում, եթե նա ժամերով հանդիսականին իր անփույթ խաղով սպասել է տալիս, որպեսզի այդ մոմենտներում փայլի, տիկ. Մայսուրյանը, ընդհակառակը, խաղում է հաջորդաբար։ Նա մոմենտների չի սպասում, այլ ձգտում է միշտ խաղալ։ Այս է նրա առավելությունը։

Օր. Վարդիթերը, նույնպես ցույց է տալիս առաջադիմություն, ձգտում է նրբացնել իր խաղը, բայց տակավին սառն է. օր. Մարի֊Հրանուշը, ընդհակառակը, չափից դուրս տաք է, ուստի երբեմն նրա խաղը զրկվում է կենսականությունից։ Բայց և այնպես իր աշխուժով առաջինն է խմբում։

ՀԱՑՈՑ ԹԱՏՐՈՆԱԿԱՆ ԽՈԻՄԲԸ ԲԱՔՎՈԻՄ

Հայ ներկայացումները Բաքվում կանոնավոր շարունակվում են։ Հասարակությունը հաճախում է թատրոն, թեև ոչ ցանկալի քանակությամբ, բայց հաճախում է սիրով։ Գրեթե ամեն անգամ թատրոնը կիսով չափ լիքն է լինում։ Ինքնըստինքյան այսքանն էլ բավական է համեստ հայ բեմի համեստ գոյությունը շարունակելու համար։ Սակայն խմբի ղեկավարներն այժմյանից արդեն սկսել են խոսել դեֆիցիտի մասին և ասում են, որ նա բավական մեծ է լինելու։

Մեր կարծիքով, այս գանգատը միանգամայն ավելորդ է, և եթե մեծ դեֆիցիտ լինելու է, մեղավորը ուրիշ ոչ ոք է, եթե ոչ ղեկավարների անփորձությունը, եթե ավելին չասենք: Սկսենք նրանից, որ դերասանների, մանավանդ դերաստնուհիների մեծ մասը ստանում է իր չափավոր ընդունակություններին ոչ համապատասխան ռոճիկը։ Կան այնպիսիները, որոնց ռոճիկը եթե պակասեցնեին 50 տոկոս, էլի վնասվողը բեմը կլիներ։ Կան և այնպիսիները, որոնց ոչ միայն չպիաի ռոճիկ տալ, այլև պիտի ենթարկել մշտական տուգանքի, մինչև որ սովորեն ճաշակ ունեցող հանդիսականների նյարդերը խնայելու արվեստը։ Այսպես թե այնպես, նույնիսկ խմբի բարեխիղճ անդամների խոստովանությամբ, Բաքվի բեմը այժմ ունի ամսական առնվազն 800 ռ, դեն գցած ծախք։ Բեմի ղեկավարները պիտի հասկանան, որ իրենք փողը չեն ծախսում, այլ հասարակության սեփականությունը։ Եթե բեմը ավելորդ ծախսեր չունենար, կարելի էր տեղերի գները պակասեցնել և միջոց տալ հասարակությանը ավելի մեծ քանակությամբ թատրոն հաճախելու, իսկ այժմ հանդիսականը ստիպված է հայ խմբի ներկայաքումները տեսնելու համար վճարել այնքան, որքան օպերային ներկայացումներին։