Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օր. Վարդիթերը այժմ անհամեմատ համարձակ է խաղում, քան մի քանի տարի առաջ։ Հավանելի է խելառի և սառն կանանց դերերում։ Պանասում է նրա մեջ տիկ, Սիրանուշի դրամատիկական կրակը, բայց այդ արդեն նրա մեղքը չէ։ Լավ է արտասանում յուր դերը, մինչև անգամ շատ սիրուն, բայց առոգանությունը կեղծ կլասիկական է կամ մելոդրամատիկական։ Ձևերը մեղմ են, բավական քնքուշ, թեև ոչ այնքան հարուստ։ Դերեր չի փչացնում, բայց և չի էլ ստեղծագործում։ Խմբի համար անփոխարինելի ուժ է։

Օր Մարի֊Հրանուշը միշտ դերը գիտե անթերի։ Կրակոտ է, բայց լավ կլիներ, որ հարկավոր եղած ժամանակ զսպի յուր կրակը։ Լավ է կոմիկական դերերում, պակասում է նրբությունը ձևերի, նաև ձայնի մեջ։ Այսպես թե այնպես գիտե յուր խաղով հետաքրքրել հանդիսականին, ինչ դեր ևս կատարե։

Օր․ Չմշկյանը մի նոր, տակավին անփորձ դերասանուհի է, որին չդիտենք ինչու և ինչ իրավունքով, բեմի նյութական մասի կառավարիչները նշանակել են ահագին ռոճիկ, ավելի քան տիկ․ Մայսուրյանին։ Իբրև փորձեր անող, իբրև աշակերտուհի, դեռ համբերելի է բեմում, բայց ոչ իբրև դերասանուհի։ Իմ նյարդերը գոնե առայժմ չեն դիմանում նրա կոշտ ձևերին, արտասանությանը, ձայնին։ Կարծում եմ, որ մի ժամանակ կարող է դրամատիկ ծեր կանանց դերեր կատարել։

Բայց երբ…

Տիկին Փառանձեմը շատ լավ է ծեր կանանց դերերում։ Այժմ նա խաղում է իբրև հմուտ դերասանուհի և խմբի համար անփոխարինելի ուժ է յուր ամպլուայում։

Դառնանք արական ուժերին։


Նորություն չի լինի, եթե ասեմ, որ արական ուժերի մեջ առաջին տեղն է բռնում պ․ Աբելյանը, գոնե զորեղ դրամատիկ դերերի համար։ Նա այն դերասաններից է, որոնք աշխատում են ոչ միայն լավ խաղալ, այլև ստեղծագործել, այսինքն ներկայացրած տիպեր են տալ բոլոր բնորոշ հատկությունները։ Նրա խաղը մյուս շատերի պես միատեսակ չէ բոլոր դերերում։