Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն խնդիրր այս չէ։

Դուք չեք հերքում և չէիք էլ կարող հերքել ֆոտոգրաֆիական ճշտությամբ ներկայացված ձեր վարմունքի նկարագիրը, այլ հաստատում եք, որ իբրև թե տեղի է ունեցել մի միջանկյալ խոսակցություն, որ ես զանց եմ առել հիշատակելու։

Ես վերջ եմ տալիս մեր լրագրական վիճաբանության՝ նախ, այն պաճառով, որ մեր վիճաբանության մեջ դեր են խաղում ինձ համար հարգելի մի հանգուցյալ և մի քանի կենդանի հեղինակների անուններ, երկրորդ, որ անվայել եմ համարում ընթերցող հասարակության զբաղեցնել անձնական վեճերով։ Ես գրականության մասին, իմացեք, չեմ կարող ունենալ այն կարծիքը, որ ունեք դուք։

Բացի այս, ներեցեք ինձ ասել, որ ամենուրեք ընդունված է, որ երբ մի խնդիր մենամարտությամբ կամ դատարանով պետք է վճռվի, այդ հարցի նկատմամբ բանակռիվ այլևս տեզ չպետք է ունենա։ Դուք սպառնացիք ինձ դատաստանի կանչել, ես սիրով ընդունեցի այդ միջոցը, որպեսզի գոնե այս անգամ անպատիժ չմնա ձեր տգեղ վարմունքը։ Ես անհամբեր սպասում եմ դատարանից հայտագիր ստանալուն, և հավատացած եղեք, որ այնտեղ կպարզվին ո′չ միայն այն աղավաղումները, որ դուք արել եք Րաֆֆիի հոդվածի մեջ, այլև լույս աշխարհ կգա, թե ինչ…միջոցներով եք ձեռք բերել մի նամակ, որ իբրև թե պետք է արդարացներ ձեզ…


Պ․ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ԽՈՒՄԲԸ


Թիֆլիզի ժողովարանի դահլիճում ամսույս 13֊ին տեղի ունեցավ այն ուրախալի երեկույթներից մեկը, որ այնքան հազվագյուտ են մեր նյութական չոր ու ցամաք կյանքում։ Այդ երեկո Թիֆլիզի հասհասարակությունը առաջին անգամ առիթ ունեցավ լսելու պ. Կարա֊Մուրզայի խմբի երգեցողությանը, որին անհամբեր ոպասում էին ամենքը, որ փոքրի-շատե իրանց սրտում կրում են սեր և համակրություն դեպի այն, ինչ որ ինքնուրույն է, ազգային և մատչելի մեր խելքին և զգացմունքներին։