Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց մի հանգամանք, որ խոսում է հօգուտ Աբելյանի, Պետրոսյանի և առհասարակ Ադամյանի հաջորդների, հետևյալն է։ Ադամյանը, իբրև բացառիկ ուժ, հայ բեմին նայում էր իբր մի տեսակ անձնական սեփականության։ Շեքսպիրի խանդավառ երկրպագուն մտածում էր ոչ այնքան թատրոնի կանոնավոր առաջադիմության, որքան յուր դերերի մասին։ Մի տարրական ճշմարտություն է, որ յուրաքանչյուր մեքենա միայն այն ժամանակ է լավ գործում, երբ նրա բոլոր մասերը անթերի են։ Արդ, թատրոնը բացառիկ տաղանդներով չէ թատրոն բառիս լիակատար իմաստով, այլ դերասանական խմբի կատարյալ ամբողջությամբ, այն բանով, ինչ որ ռուսահայերը անվանում են անսամբլ: Ադամյանը սովորաբար իրան շրջապատում էր անքանքար ուժերով, և այս ոչ այն պատճառով, որ վախենում էր մրցումից,— ոչ, դարձյալ ոչ, նա չուներ մրցակից ո՛չ դերասանների և ո՛չ դերասանուհիների մեջ, նա բարձր էր բոլորից ամբողջ գլխով,— այլ որովհետև նրա միակ հոգացողությունը յուր դերերն էին։ Թող Համլետի դերը ներկայացվի փայլուն, մնացյալը ոչինչ, կարելի է կործանել. թող Ադամյան-Օթելլոն հիացնի հասարակությանը, իսկ Յադոն, Դեզդեմոնան և մյուս ոչ պակաս պատասխանատու դերերը կարող են հանձնվիլ առաջին պատահողին: Այսպես էր գործում Ադամյանը, անգիտակցաբար խաղալով հայ թատրոնի վիճակի հետ, մանավանդ այն ժամանակ, երբ կանոնավոր բեմ չունեինք, և նա յուր խմբով թափառում էր Կովկասում և Ռուսիայում։ Ահա ինչու նրա օրով տաղանդներ աոաջ չեկան և ոչ էլ թատրոնը առաջադիմեց մազու չափ։