Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատարել յուր ծանր դերը։ Միակ պակասությունը այդ փորձառու թատերասերի այն է, որ նրա ձայնը և շարժվածքները բավականաչափ զորեղ չեն արտահայտելու համար Դենբլեի նման հոգեպես և ֆիզիկապես ուժեղ մարդկանց հոգեկան դրությունը։

Տիկին Եվանգուլյանը Կլարայի մոր՝ մարկիզուհի դը Բոլիոյի դերում մի անգամ ևս ապացուցեց յուր բեմական հմտությունը, որ շատ անգամ ապացուցել է թատրոնասերների ներկայացումների ժամանակ։ Նա յուր ծանր և սկզբից մինչև վերջը հաջորդաբար խաղով, կարողացավ ճիշտ պատկերացնել հպարտ, ազնիվ և խելացի մարկիզուհու տիպը։ Շատ ռեալական և կենդանի խաղաց տիկ. Ավթանդիլյանը փառասեր և հարուստ գործարանատիրոջ Մուլինեի (Մանդինյան) աղջկա, փառամոլ ու գոռոզամիտ Աթենայիսի դերը։ Մանավանդ հաջող էր այն տեսարանը, երբ Ելարան բացատրություն էր պահանջում նրանից, և տիկին Ավթանդիլյանը պատասխանում էր Աթենայիսին հատուկ գոռոզությամբ և արհամարհանքով։ Մյուս մասնակցողներից աչքի էին ընկնում տիկ. Քալանթարյանը և պ. Ալահվերդյանը։ Տիկին Քալանթարյանը, որ վաղուց հայտնի է յուր շնորհալի խաղով, այս անգամ բարեսրտաբար, գուցե գործի նպատակը միմիայն ի նկատի ունենալով, հանձն էր առել մի անշնորհակալ և յուր ուժերից ցածր դեր։ Բայց և այնպես նա յուր փոքրիկ դերով շատ հաջող ներկայացրեց թեթևամիտ բարոնուհու տիպը, որին հեղինակը չի կարողացել լիակատար պատկերացնել։ Պ. Ալահվերդյանը մեծ բարեխղճությամբ սկզբից մինչև վերջը առաջ տարավ նոտարի դերը, նույնպես Մանդինյանը՝ Մուլինեի կոմիկական դերը։ Պակաս հաջող չխաղացին և օր. օր. Մելիք֊Ասիլյանը և Սափարյանը։ Պ. Մելիք֊Ադամյանը շատ գեղեցիկ առոգանությամբ արտասանում էր դուքս դը Բլինիի դերը, բայց նրա խաղը տկար էր, ուստի և աննշմարելի, չնայելով յուր բավական առաջնակարգ դերին։ Մնացյալները չփչացրին իրանց դերերը, ընդհակառակը, բարեխղճաբար նպաստեցին ներկայացման հաջողությանը։

Բոլոր մասնակցողները իրանց դերերը սովորել էին անգիր․ հազվագյուտ բան մեր թատրոնի համար։