Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պիեսայի թարգմանությունը վերին աստիճանի անհաջող պիտի համարել, բայց դերակատարները բավական փոփոխել էին, նա, որ հայերեն գիտեր, խոսում էր մաքուր և ճիշտ, իսկ ով չգիտեր, աններելի սխալներ էր անում։ Պ. Ս. Արծրունու եռանդուն աշխատությունը հայոց բեմի համար արժանի է շնորհակալության, բայց ժամանակ է, որ նա սկսե հայերեն սովորել։


ՑԵՑԵՐ


Վեպ Պերն Պռոշյանի


Արդեն վեպի վերնագիրը պարզ գաղափար է տալիս նորա բովանդակության մասին։ Հեղինակը նպատակ է ունեցել այս գրվածքով երևան հանել գյուղական այն զանազան հարստահարիչների տիպարները, որ այս կամ այն կերպ ցեցի պես ուտում են մեր ժողովրդին, ծծում են նորա արյունը և թունավորում կյանքը։ Եվ ահա նա յուր նոր վեպի համար համաձայն յուր մշտական սովորության, դարձյալ Արարատյան աշխարհի կյանքիցն է նյութ վերցնում։

Պ. Պռոշյանը, ինչպես երևում է, շատ է սիրահարված յուր ծննդավայրին, ուստի և բնավ չէ դուրս գալիս նորա սահմաններից յուր վեպերում։ Ոմանք այս հանգամանքը նորա համար պակասություն են համարում։ Դա գրականական սխալ է. նախ՝ այն պատճառով, որ վիպասանին չի կարելի մեղադրել, թե ինչո՞ւ նա այս երկիրն է նկարագրում և ոչ մի ուրիշը, երկրորդ՝ ավելի լավ է, որ վիպասանը նկարագրի այն, ինչ որ յուր սրտին ավելի մոտիկ է և ինչ որ ճիշտ կարող է ուսումնասիրած լինել, քան թե այն, ինչ որ գուցե չէ սիրում և կամ անընդունակ է սիրելու և ուսումնասիրելու, և երրորդ աշխարհագրական մեծությունը կամ դիրքը էական գրեթե ոչինչ նշանակություն չունի մի ժողովրդի բնավորությունը պատկերացնելու համար նարա ներկայացրած տիպերի մեջ։

Վիպասանի տաղանդի հատկությունից և ուժից է կախ