Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դամալույծ գեներալ, մի հարուստ խանութպան, մի հնամաշ, քայքայված, վավաշոտ արիստոկրատ, գինեվաճառ, անշնորհք դեպուտատ, անքանքար սենատոր, մի փառամոլ կալվածատեր և այլն, դեմքեր, որոնք ոչինչ չեն ներշնչում դիտողին, բացի երբեմն գգվանքից։ Ով փող ու ցանկություն ունի, արտիստին վարձում է իր ոչինչ հասարակական արժեք չունեցող կերպարանքն անմահացնելու։ Երևակայում ես, թե փողի համար ինչ բարոյական տանջանք է կրել արտիստը օրը մի քանի ժամ այդ «ռեխները» դիտելով։

Ժամանակակից նկարչությունն ու արձանագործությունը, այդպիսով, չունեն այն հպարտությունն ու անկախությունը, որ ունի երաժշտությունը։ Հարցրու այժմյան նկարչին կամ անդրիագործին, ինչո՞ւ համար է նա վաճառում իր տաղանդը առաջին պատահողին, ինչպես մի անառակ կինն իր մարմինը։ Նա առանց կարմրելու, առանց զգալու, որ իր արածը հանցանք է գեղարվեստի դեմ, ձեզ կպատասխանի. «Փողի համար»։ Նա վաղուց է կորցրել իր արտիստական ինքնասիրությունը։ Նա պաշտում է ոսկե հորթը ինչպես մի վաշխառու։ Եվ նա իր այս ստոր զգացումը արդարացնում է նրանով, որ իր կենսական պահանգները շատացել են և բարդացել։ Նրան հարկավոր են՝ շքեղ զարդարված արհեստանոց, թանկագին գորգեր, կահ֊կարասիք։ Նա ուզում է ունենալ վիլլա, օթոմոբիլ, բազմաթիվ ծառաներ։ Նա ուզում է ընթրել ամենաթանկ ռեստորաններում, թատրոնում առաջին կարգերում նստել, ձիարշավում խաղալ, մի խոսքով ապրել ինչպես վայել է առաջին տեսակի փարիզեցուն։ Եվ ահա նա, իր հագուրդ չստացած պահանջներից տառապելով, շարունակ «պատվերների» ետևից է վազում, հարուստներին շոյում, շողոքորթում, քծնում նրանց դռնապանների առջև անգամ, որպեսզի «պատվեր» ստանա։

Դեռ լավ է, եթե արտիստը տաղանդ ունի և քիչ թե շատ անուն է վաստակել։ Այդպիսին պատվերներ գտնում է, և շատ անգամ պատվիրոդներն իրենք են դիմում նրան։ Եսկ երբ նա տաղանդ չունի, անհայտ է, դրությունը ուղղակի ողբերգական է։ Այդպիսիների թիվը տասնյակ հազարների է հասնում Փարիզում։