Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են այն գյուղացիներին, որ վարունգի խոշորն են ընտրում։ Նրանք գեղեցկի ետևից ընկած են սխալ ճանապարհով։ Նրանք կարծում են՝ գեղեցիկ է միայն այն, ինչ որ հեռու է կյանքից և իրականությունից։ Երկրին կպած լինելով, նրանք փախչում են երկրից և ձգտում են դեպի երկինք ճիշտ այն հաջողությամբ, ինչպես ամուր թոկով երկրին կապված օդապարիկը։

Մի անգամ ես մի զավեշտական թերթում կարդացի հետևյալ դիալոգը։

Մի կատակաբան հարցնում է մի ոգևորված բանաստեղծի, որ միշտ աստղերի հետ էր խոսում։

- Ասա խնդրեմ, ի՞նչն է գեղեցիկը։

- Այն, ինչ որ վեր է ձգտում, - պատասխանում է բանաստեղծը, աչքերը հափշտակված դեպի երկինք բարձրացնելով։

- Իսկ ա՞յն, ինչ որ վար է ձգտում, - հարցնում է կատակաբանը։

- Ֆո՜ւ, - արհամարհանքով արտասանում է աստղերի հետ խոսող բանաստեղծը։

Կատակաբանը ասում է.

- Բանաստեղծ, հեռու կանգնիր։

Եվ բարձրացնելով իր մի ոտը օդի մեջ, թափ է տալիս իր վարտիքը։

Փոշին բարձրանում է վեր։

- Երգիր, գեղեցիկն այդ է, - ասում է կատակաբանը, - իսկ այս տգեղն է, անարժանը քո երգի, - ավելացնում է նա, բաց թողնելով ձեռից մի սիրուն վարդ, որ ընկնում է գետնի վրա.

Հայտնի բան է, այս մի կատակ է, բայց որքան դառն ճշմարտություն կա նրա մեջ այն բանաստեղծների համար, որոնք «բարձրը», կարծես, ֆիզիկական մտքով են հասկանում։

Ոչ, այդպես չէ, «բարձրը» ո′չ վերևումն է, ո′չ ներքևում, բանաստեղծության մեջ բարձրը ամենուրեք է՝ և′ առօրյա կյանքում, և՛ պատմության մեջ, և′ երկրռւմ, և′ երկնքում, և թշվառի խրճիթում, և՛ մեծավորի պալատում։ Բարձրը բանաստեղծի հոգու խորության մեջ է։ Բարձրը զգացումն է, այ