Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տնիը, ընկճված իր հանցանքի ծանրությունից։ Անպատվված ամուսինը ասում է նրա ետևից.

- Գնա, դու կարող ես ասել, որ հաջողություն չունեցար։

Եվ հասարակությունը ծիծաղում է։

Ես դուրս եկա թատրոնից առանց որևէ տպավորության։ Հեղինակը մի վայրկյան անգամ չկարողացավ զգացնել ինձ։ Եվ ես հիշելով Մաքս Նոր֊Դաուի խոսքերը բախտավոր հեղինակների մասին, այնուամենայնիվ համոզված մնացի, որ ցուցանակի ազդեցությունը մշտական շէ։ Դը֊Պորտո Ռիշը ունի շատ լուրջ դրամատուրգի ցուցանակ, բայց միայն ցուցանակ…


ՄԻ ԱԿԱՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ


Կարդացի «Գործ»-ում պ․ Ս. Հ․֊ի «ռեցենզիան» իմ «Ավերակների վրա» նոր դրամայի մասին։ Այս առիթով ստիպված եմ մի քանի խոսք ասել։ Ծանոթ լինելով այն մթնոլորտին, ուր ներշնչվում են հայ քննադատությունները հայ երկերի մասին, ես, հարկավ, որևէ անձի դեմ բանակռիվ մղելու չափ վար իջնել չեմ կարող։ Ճաշակները միշտ տարբեր են, և եթե իմ նոր պիեսը դուր չի եկել մի կամ մի քանի հայ ռեցենզենտների, այդ ինձ երբեք չի կարող շփոթեցնել։

Սակայն կա «Գոոծ»-ի ռեցենզիայի մեջ մի կետ, որ անուշադիր թողնել չեմ կարող։ Պ․ Ս․ Հ․֊ն քննադատում է ոչ միայն իմ պիեսը, այլև շոշափում է իմ ամբողջ երեսնամյա գրականական գործունեությունը և այստեղ թույլ տալիս իրեն մի դատապարտելի սխալ։ Ահա այս մասին արժե երկու խոսք ասել։

Սխալը ամփոփված է Ս, Հ․֊ի քննադատության հետևյալ տողերի մեջ։ Պարոնը ասում է.

«Քսանուհինգ տարվա ընթացքում փոխվեցին, սակայն, մեր կյանքի անձերը, նոր մարդիկ, նոր բնավորություններ հրապարակ եկան, միջավայրը հեղաշրջման ենթարկվեցավ, նոր խնդիրներ երևացին, ավելի նուրբ, ավելի մարդկային,