Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունի և ամեն մի մաս կապված է մյուսի հետ հարմար կապով։ Առանց առաստաղի և կտրի շինությունը ներկայացնում է լոկ պատեր, թեկուզ շատ սիրուն և շատ գեղեցիկ, առանց միջնապատերի պատուհաններն ու դռներր ներկայացնում են առանձին֊առանձին աննպատակ դետալներ, թեկուզ շատ գեղարվեստական։

Վեքցրեր մի ճարտարապետ, որ այստեղ ու այնտեղ շինել է շատ գեղեցիկ պատեր և դռներ, բայց այդ ճարտարապետական մասերը բոլորովին չէ միացրել կամ միացրել է շատ տգեղ և անհամապատասխան կապերով, չէ՞ որ ճարտարապետի գործը անկատար է։

Այս տեսակ մի շինություն է ներկայացնում պ. Պռոշյանի «Ցեցեր»֊ը։

Վեպի առաջին գլուխը հեղինակը նվիրել է յուր առաքինի հերոս Սամփսոնին, որ գյուղի մեջ առաջին «իգիթ (քաջ) կտրիճն է, ընկեր-հարևանի, թայթուշի սիրելի, մեծ ու փոքրի պատիվը ճանաչող»։ Սամփսոնը սիրում է Ալեքենց Վարսեղի աղջկան Սոնային, որ մի «եղալի թիքա է» և որը փոխադարձ սիրում է Սամփսոնին։ Վեպի այս առաջին գլուխը, չնայելով հեղինակի լեզվի ձանձրալի դանդաղությանը, որի մասին ստորև կխոսենք, խիստ հետաքրքրում է ընթերցողին։ Բայց երկրորդ գլխից արդեն մարդ դժվարությամբ է կարդում։ Մի ամբողջ գլուխ հեղինակը նվիրում է Օ… գյուղի նախկին բարեսիրտ տանուտեր Արտեմ Սերդեյիշի անցյալ գործունեությանը։ Այս մարդը վեպում դեր չունի, գործողության մեջ չի երևում և Օ… գյուղից հեռու է ապրում. նորա մասին խոսում է հեղինակը, ցույց տալու համար, թե նա որքան օգտավետ և բաբեխիղճ տանուտեր է եղել, խոսում են նույնպես գյուղացիները, որ ցանկանում են նորան նորից տանուտեր ընտրել։ Քանի երևում է, որ այդ Արտեմ Սերգեյիչը, յուր տանուտերության ժամանակ, ի միջի այլոց, և մի լավ բան է արել գյուղացիներին ստիպել է դադարել տեղի անտեղի միմյանց հայհոյելուց։

Հեղինակը մի առանձին գլուխ է նվիրում այն բանին, թե ինչպես գյուղացի Մելիք-Բադալ կատակասերը գանգատվել է «նաչալնիկին» յուր գրության վրա, թե արգելում են իրան