Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

V


Հայ արտիստները Փարիզում


Մոտենում է գեղարվեստական սալոնների գարնանային ցուցահանդեսի ժամանակը։ Քառասուն օր ևս, և կբացվեն հսկայական դռները վիթխարի շինության, որ կոչվում է Grand Palais.

Այնտեղ քանի մի հազար նկարներ և արձաններ կհաղորդեն մեզ, թե ինչ արել է ութ ամսվա ընթացքում մեծ քաղաքի արտիստական աշխարհը։

«Անկախների» պատկերահանդեսն արդեն բացվել է և գրավում է տասնյակ հազարավորներ այցելուների։ Վաղը կգրեմ նրա արտառությունների մասին։ Հարկավ հաշիվ կտամ և սալոնների վերաբերմամբ։

Իսկ առայժմ թույլ տվեք ինձ մի քանի խոսք նվիրել հայ արտիստներին, որոնց վիճակը չպիտի զուրկ լինի ձեր հետաքրրորությունից։

Կատակ մի արեք, նրանց թիվը ներկայումս հասնում է այստեղ քսանի։ Մեծ թիվ չէ, անշուշտ, ուրիշ օտարների համար, բայց և այնպես պատկառելի է, եթե համեմատենք բուլղարների, ռումինների, սերբերի, նույնիսկ հույների թվի հետ։ Չեմ խոսում այլևս մեր դրացի վրացիների մասին, որոնք միայն մի արտիստ ունեն այստեղ - արձանագործ Նիկոլաձեին։

Այդ քսան արվեստագետներից առայժմ միայն երեքն են ապահովել իրանց քաղաքացիական և արտիստական դիրքը - պ․ պ. Զաքարյան, Շաբանյան և էդգար Շահին։ Մի ուրիշ առիթով ես կհաղորդեմ ձեզ դրանց անձնավորությունների մասին։ Քայց ինչ որ էլ լինեն նրանք, վաղուց են հասել այն բարեբախտ վիճակին, որ ազատում է նրանց իրանց հայրենակիցների ազգասիրական զգացմանը դղրդելու