Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անախորժությունից։ Հայրենակիցների, որ այստեղ ավելի, քան ուրևէ, անտարբեր են դեպի արվեստները առհասարակ և հայ արվեստագետները մասնավորապես։

Բարի եղեք կարդալու այդ դաժան անտարբերության մի փոքրիկ պատկերը, որ ուրվագծում եմ առանց մի գիծ ավելացնելու իմ կողմից։

Ահա մի մոտ երեսուն տարեկան երիտասարդ, նիհար, դժգույն, ընկճված. կյանքի անողոք հարվածները վաղուց են դրոշմել նրա դեմքի վրա իրանց կնիքը։ Անթիվ օրեր է անցկացրել նա կես կուշտ կամ բոլորովին քաղցած, անհամար դառն գիշերներ է լուսացրել անքուն, անհանգիստ։

Օ՜օ, ոչ, ես այն ֆանտազյորներից չեմ, որ ասեմ, թե միայն գեղարվեստի սերն է նրան ստիպել հանդուրժելու այդ դառն կյանքը։ Արտիստը նույն մահկանացուն է, ինչպես ամենքը և ես նրան զերծ չեմ համարում մարդկային ոչ մի թուլությունից։ Անկասկած, արվեստի սերը նրա մեջ ընդունակ է շատ ուրիշ զգացումներ զսպելու։ Բայց միայն այդ չէ. կա և ուրիշ, ավելի զորեղ խթան, որ ոչ միայն մեզնում, այլև ավելի կիրթ և քաղաքակիրթ ազգերի մեջ արվեստագետին հարկադրում է ապագա փառքի հազիվ նշմարելի ուրվականը գերադասել ներկայի կշտությունից։

Այդ այն սոսկալի հրեշն է, որ կոչվում է փառասիրություն և որ աղբյուր է չար ու բարի ձգտումների։ Արդ՝ ամեն արտիստ նախ և առաջ ենթակա է այս ախտին, և ավելի, քան սովորական մահկանացուն։ Մի հավատաք նրան, երբ ձեզ ասում է, թե միմիայն մարդկային գոյության իդեալն է իր հավատամքը։ Նա կեղծում է։ Գիտենք, որ նա ունե մի որոշ իդեալ, որին ձգտում է մոլեռանդաբար, բայց հենց նույնիսկ այդ իդեալը բազմած է փառասիրության պատվանդանի վրա։

Ասացեք, ո՞ր արտիստն է անտարբեր դեպի ամբոխի ծափահարությունները։ Գուցե նա միայն, որ արդեն կշտացել է այդ ծափահարություններից։ Հազարից ինն հարյուր իննըսունինը պապակում են նրանց ծարավից և պատրաստ են ոչ միայն կիսաքաղցած տարիներ անցկացնել, այլև խաչվել ու տանջվել։ Կան նույնիսկ այնպիսիները, որ ամբոխի ծափահարությւուններից երբեք չեն կշտանում։