Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ երկու անսպառ, անսահման աղբյուրն երբ՝ մարդը և բնությունը, որ առանց այդ ուսումնասիրության չի կարող լինել արվեստ բառի իսկական իմաստով։

Եվ ահա դուք անցնում եք այդ հարյուրից ավելի սենյակները, և ձեր սիրտը ուրախությամբ լցվում է, երբ դիտում եք, որ առողջամտությունը և բուն ստեղծագործությունը ավելի է իշխում այդտեղ այսօր, քան երկու տարի առաջ, գոնե ավելի քան սխալ հասկացված սիմվոլիզմի և այլանդակորեն ըմբըռնված իմպրեսիոնիզմի տակ թաքնված մտավոր և հոգեկան ապիկարությունն ու շառլատանությունը...

Շառլատանությունը, որ հաճախ ասպարեզ է գցում կատարյալ ոչնչությունները։

Մի երկու շաբաթ սրանից առաջ փակվեց մի այդպիսի շառլատանի պատկերահանդեսը մեծ բուլվարների մի հայտնի մագազինում։ Այդ պարոնի անունն է Մաթիս, որ համարվում է ժամանակակից գլխավոր մոդեռնիստներից մեկը։ Ես տեսա նրա գործերը և այսօր էլ զզվանքս չեմ կարողանում զսպել։ Գույների այնպիսի բարբարոսական խառնուրդ ես երբեք չէի տեսել նույնիսկ «Անկախների»ցուցահանդեսում։ Ծառը կարմիր, ստվերը կապույտ, գլխարկը մավի գույն, շվաքր կնոջ ճակատի վրա կանաչ, քթի փոխարեն գետնախնձոր, ոտների փոխարեն երշիկներ, աչքերի փոխարեն այլանդակ փոսեր, կարմիր հոնքեր, կարմիր ատամներ. ո′չ մի երևակայություն , ոչ մի ֆիզիկական օրենքների ճանաչողություն և հասկացողություն։

Եվ այդ մարդն այսօր միլիոններ է վաստակում յուր ճարպիկության շնորհով, նա գտել է հիմարներին և ապուշներին շահագործելոլ գաղտնիքը՝ մոդեռնիզմ: Ֆրանսիացի քննադատները բացարձակ ծաղրում են նրան։

... Բայց ի պատիվ ֆրանսիացուն պիտի ասել, որ առողջ դատողությունը և առողջ արվեստների ճշմարիտ ըմբռնողությունը երբեք չեն թմրել նրա մեջ, Նա շատ լավ գիտե, որ շառլատանությունը վերջ ի վերջո պիտի պարզվի և յուր արժանավոր պատիժն ստանա։

Ապացույց, որ «անկախների այլանդակ ցուցահանդեսներում անգամ այսօր պատժվում է այն և դուրս վռնդվում: