Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օ՜հ, այդ ամենուրեք, նաև սալոններում, արտիստի ամենագլխավոր փափագն է։ Վաճառել և... լրագրերում գովված լինել։ Այստեղ, ինչպես և ամբողջ Եվրոպայում, կա մի ընկերություն, որ յուրաքանչյուր ցանկացողին ուղարկում է լրագրերից կտորներ։ Եթե կամենում եք ինչ են ասել ձեր գործերի մասին լրագրերը, պատվիրում եք, և ընկերությունը ձեզ ուղարկում է ձեր մասին գրվածները հատը 30 սանտիմով (12 կոպեկ)․ բայց ընկերությունը, որպեսզի շատ շահի, աշխատում է, որ ձեր մասին կարելույն չափ շատ լրագրերում բան տպվի։ Եվ անթիվ են այն լրագրերը, որոնք պատրաստ են սանտիմներով վաճառել իրենց տողերը։ ինչ են կորցնում...

Սակայն, ի պատիվ ներկա ցուցահանդեսի պետք է ասել, որ այդ այնքան խայտառակ չէ, որքան անցյալ, մանավանդ նախանցյալ տարի։ Այսօր ես մի քանի ժամ պտտեցի նրա հարյուրից ավելի սենյակները և հազարավոր նկարների մեջ հազիվ գտա մի քանիսը այլանդակ բովանդակությամբ։ Այլևս գրեթե չկան սեփական մարմինը կրծոտող հրեշներ, «սադիզմի և մախոխիզմի» ներկայացուցիչներ։ Չկան մազի չափ բարակ ոտներ և սյունի չափ հաստ ազդրեր։ Բայց կանաչ քթեր, տկճորների պես ուռած փորեր, գույների տարօրինակ խառնուրդ, բնության դեմ զզվելի մեղանչում՝ որքան կամենաք։ Այնուամենայնիվ, «անկախները» պարզապես կամաց-կամաց խելքի են գալիս։ Առողջ ստեղծագործության գիտակցությունն սկսում է տիրել։ Նրանք այլևս չեն աշխատում խայտառակ տեսարաններով գրավել այցելուների ուշադրությունը, այլ տարօրինակությամբ։ Այս արդեն մեծ քայլ է դեպի բուն արվեստը։

Սխալ հասկացված սիմվոլիզմը և այլանդակ ըմբռնված իմպրեսիոնիզմը տեղի են տալիս առողջարար և ամենափրկիչ ռեալիզմին։ Վերջապես, արվեստի այդ արբշիռ պաշտոնյաները սկսել են հասկանալ իսկական սիմվոլիզմն էլ, իմպրեսիոնիզմն էլ, կյանքի արվեստական ուսերի վրա մարդկային գլուխ դնելով, կամ մի աքաղաղի Նիցշեի լեզվով խոսեցնելով չի կարելի սիմվոլիստ լինել, որ մարդու և միմիայն մարդու, ոբ բնության, միմիայն բնության մեջ է ամփոփված կյանքի բարձրագույն խորհուրդը։ Նրանք զգում են այժմ, որ պետք է ուսումնասիրել, շատ ուսումնասիրել, խորը ուսումնասիրել