Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ո՞րն է այդ բերքերից ամենամեծը, եթե ոչ գրականությունը։

Արդ, մինչև այսօր մենք նույնիսկ մոտավոր գաղափար չունինք վրաց գրականության մասին։ Համոզված եմ, որ չունին նույնը և վրացիները մեր գրականության մասին։

Մենք լսել ենք և լսում ենք տեղական ռուս լրագիրներից, որ մեր հարևաններն ունին Օրբելյանի, Բարաթաշվիլի, ճավճավաձե, Ակակի Ծերեթելի և մի շարք ուրիշ հանգուցյալ և կենդանի բանաստեղծներ' անսահման հարգված իրանց ազգից և գնահատված։ Բայց մինչև այսօր մենք չունենք հայերեն թարգմանությամբ նրանցից և ոչ մեկի գործերը, բացի մի քանի մանր-մունր կտորներից, որոնցով, իհարկե, ոչ մի հասկացողություն չի կարելի կազմել վրաց բանաստեղծության մասին։ Անկասկած, վրացիները նույնչափ, գուցե ավելի պակաս, տեղեկություն ունին մեր Աբովյանի, Դուրյանի, Պեշիկթաշլյանի, Րաֆֆու, Գամառ֊Բաթիպայի, մանավանդ նորերի մասին։

Եվ երբ անկեղծ հարգանքից դրդված գնում ենք միմյանց հոբելյանները շնորհավորելու կամ հանգուցյալների դագաղներին մեր հարգանքը մատուցանելու, չգիտենք ինչ ասենք միմյանց մասին և ստիպված ենք խոսել լրագրական տեղեկությունների հիման վրա։ Այստեղից են առաջանում այն բանալ խոսքերը, որ ստերոտիպ կերպով կրկնում է հայը վրացուն և վրացին՝ հային։

Այս տողերը գրելու ինձ առիթ տվեց այն լուրը, թե Հայոց Հրատարակչական Ընկերությունը առաջարկել է մեր բանաստեղծ Հովհ. Բումանյանին' թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձի մորթ» նշանավոր պոեման։

Այդ դասական երկը վրաց հին և նոր գրականության գլխավոր պարծանքն է, որի մասին այնքան լսել ենք և կարդացել։

Պետք է, ուրեմն, շնորհավորել Հրատարակչական Ընկերության այդ քայլը։

Բայց չպիտի կանգ առնել և այդ միակ օրինակով բավականանալ։ Մեզ համար ցանկալի, նույնիսկ շատ կարևոր է, ծանոթանալ նաև վրաց նոր բանաստեղծության հետ։ Բավական է ինչքան կերա կրվեցինք լրագրական տեղեկություններով։