Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անձամբ ես ճանաչում եմ դարձյալ մեկին, որ ներկայումս չգիտեմ Իտալիայի որ քաղաքումն է։ Դա իշխանուհի օրիորդ Արղության֊Երկայնաբազուկն է, որի գործերը ես տեսել եմ սրանից 4 տարի առաջ Փարիզի իր արհեստանոցում։ Իբրև շնորհալի արտիստուհի, նա ճանաչված և գնահատված է Փարիզի Սալոնից, ուր մի քանի անգամ ընդունվել են նրա գործերը։

Ուրիշ քիչ թե շատ շնորհքով արձանագործներ, բացի պ. Տեր֊Գևորգյանի թվածներից, ես չեմ ճանաչում։

Այժմ պարոնի հոդվածի ուրիշ կետերի մ՛ասին։ Ես, իհարկե, դեմ չեմ, որ Աբովյանի մահարձանը լինի մի որևէ Հայ արտիստի գործ, թեկուզ ոչ այնքան կատարյալ գործ, որպիսին կարող է տալ մի օտարազգի հռչակավոր արձանագործ։

Բայց մի հանգամանք, կան Հայ արհեստավորներ, կան և Հայ արտիստներ։ Ես կփափագեի, որ Աբովյանի մահարձանը լիներ արտիստի և ոչ արհեստավորի գործ։ Կուլտուրական Միությունը սկզբում այնպես է գրել խնդիրը, որ գործը դյուրությամբ կարող էր անցնել մի ինչ-որ արհեստավորի ձեռքը։ Այս մասին ես ունիմ գրավոր փաստ, որ կարևոր դեպքում ցույց կտամ։ Եվ հենց այդ էր պատճառը, որ ես ժամանակին բողոքեցի Փարիզից «Հորիզոնում» և զգուշացրի Կուլտուրական Միությանը սխալ և հակագեղարվեստա՛կան քայլը։

Շատ ուրախ եմ, որ իմ ձայնը արժանացավ հարգելի Միության ուշադրությանը, և նա սկսեց դիմել և ուրիշ արձանագործների, թողնելով գործր ընտանեկան ձևով գլուխ բերելու վտանգավոր մտադրությունը։

Այնուհետև, ես և ինձ հետ մեր տաղանդավոր նկարիչ Բաշինջաղյանը պահանջեցինք կոնկուրս։

Այժմ պ. Հակ. Տեր֊Գևորգյանն ասում է, թե «արձանը իրականացման ձեռնարկողներին քաջ հայտնի է, թե' կոնկուրսի էությունը և՚ թե կոնկուրսի նպատակահարմարությունը, և եթե, այնուամենայնիվ, նրանք չեն դիմել կոնկուրսին, դրա համար ունեցել են իրանց ծանրակշիռ շարժառիթները։

Ուղիղն ասած՝ ես չեմ հասկանում, թե այդ ի՞նչ ծանրակշիռ շարժառիթներ են: Կոնկուրսի համար ոչինչ արգելք չկա և չի կարոդ լինել։ Գործը վերաբերում է գեղարվեստին, ուրեմն