Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսարանի ամբողջությունը, և նայողը չի իմանում, թե բնության մեջ այդ ցիրուցան կտորները ինչ աշխարհագրական դիրք և ֆիզիկական կապ ունին միմյանց հետ։

«Ցեցեր»-ի մեջ կան տիպեր, որոնք ցիկլոպների նման մեզ ներկայանում են մի աչքով, ինչպես «նաչալնիկի» տիպը, որ միանգամայն կիսատ է։ Տեր-Սուքիասինը, որին հեղինակը յուր «Հացի խնդիր» վեպի հայտնի հերոս միկիտան Սաքոյի երկվորյակն է համարում, երկու փաստաբանները, որոնցից մեկը շատ և շատ թերի է։ Ցիկլոպներ են նույնպես հեղինակի լավ հերոսները՝ Սամփսոնը, Սոնան, Գալ-ափուն, Մարդգուրիտը, Սիսակը, մինչև անգամ համեմատաբար ավելի հաջողված յուր տափակ սրախոսություններով զահլա տանող Մելիք-Բադալը։ Իսկ Սմբատը՝ այս ժողովրդի կյանք ուսումնասիրողը, բոլորովին անկոչ մի հյուր է վեպում։ Հեղինակը նորան հանկարծ մեջ է բերում Բալասան աղայի և գավառապետի խոսակցության ժամանակ, որ ցույց տա, թե Բալասանը այդպիսիների հետ ինչ լեզվով է խոսում, ինչպես է կեղծ ազատամիտ ձևանում։ Այս հյուրը հիմարի տպավորություն է թողնում ընթերցողի վրա, քանի որ հանձն առնելով ուսումնասիրել ժողովրդին, նա չի կարողանում ճանաչել Բալասան աղայի նման բացարձակ հրեշին և նորա հետ նստած նազուբազ է անում ազատամտության և ժողովրդական իրավունքների վրա։ Այդ տեսակ ցանցառների ուսումնասիրությունից օգուտ չկա, եթե չեն կարողանում, նախ և առաջև բալասաններին ուսումնասիրել և ըստ արժանվույն վարվել նոցա հետ։

Այսպես ուրեմն, «Ցեցեր»-ը մենք համարում ենք մի անկատար գրվածք։ Եթե հեղինակը աշխատեր մշակել նորան, դուրս ձգեր մեր ցույց տված ավելորդ գլուխները, կրճատեր ձանձրալի խոսակցությունները, մնացյալը կապեր մի անքակտելի կապով և կոկեր, դուրս կգար մի շատ սիրուն վեպ, որովհետև «Ցեցերը» ունի լավ վեպի հատկություններ։

Պ. Պռոշյանը մեր մյուս գրողներից զանազանվում է նորանով, որ շատ լավ ծանոթ է այն բանին, ինչ նկարագրում է, որ նա բուն ժողովրդական կյանքը, լեզուն, ավանդություններր, առածները և դարձվածները գիտե ավելի, քան ովևիցե մեր մյուս գրողներից։ Պ. Պռոշյանը մասամբ և հոգեբան է,