Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինժեների հետ խոսել նրանց մասնագիտության մասին, և տեսեք ինչ ոլիմպիական բարձրությունից կճառաբանեն ձեզ հետ։ Նրանք ունին իրավունք արհամարհելու ձեր կարծիքը, վասնզի իրանք արհեստների տերերն են, իսկ դուք, տգետ, պրոֆան։ Բայց նույն բժիշկը, նույն իրավաբանը, նույն ինժեները մի րոպե անգամ չի տատանվի ոչ միայն բարձր հեղինակությամբ վիճել ձեր արվեստի մասին, այլև դատավճիռներ կայացնել։

Խոսքս, հարկավ, այն մարդկանց մասին չէ, որոնք ունին որոշ պատրաստություն, զարգացում և, վերջապես, ճաշակ արվեստների մասին. այդպիսիների հետ հաճելի է խոսել և հաճույքով լսել նրանց կարծիքը։ Բայց, դժբախտաբար, նրանց թիվը մեզանում շատ սահմանափտսկ է։ Խոսքս այն ինտելիգենցիա կոչված դիպլոմավոր կամ ոչ դիպլոմավոր ամբոխի մասին է, որ սովորություն է դարձրել ամեն բանի մեջ իր քիթը խառնելու և ամեն բանի վերաբերմամբ հեղինակավոր լեզու գործածելու։

Այդ ամբոխը իր մտավոր սահմանափակության մեջ երբեմն այնքան հեռու է գնում, որ չի ուզում մի րոպե անգամ խորհել, թե արվեստների մասին ևս խոսելու և դատելու համար հարկավոր է ունենալ որոշ պատրաստություն և զարգացում, թե գեղեցիկն ըմբռնելու, մանավանդ գնահատելու համար, բացի դրանից, պետք է ունենալ և ճաշակ։ Մի բան, որ տրված է ոչ ամենքին։ Այդ ամբոխը խղճի ամենայն անդորրությամբ և գռեհկությամբ, ամենայն հանդգնությամբ, մի կոպիտ կացին ձեռքին ճիգ է անում խուզել մեր աղքատիկ թատրոնի և գեղեցիկ գրականության, մեր նորածիլ արվեստների փոքրիկ անդաստանը և աջ ու ձախ ջարդոտել ծաղիկներ, որոնց հոտն զգալու ճաշակից զուրկ է։

Որքան ևս մարդ արհամարհի այդ բոլորը, կամա-ակամա վրդովվում է և ուզում է բացականչել.

- Կանգ առեք, վանդալներ, ճանաչեցեք ձեր չափը։ Եթե ուզում եք հասարակության օգտակար անդամներ լինել, դու, բժիշկ, հետևիր քո գիտությանը և աշխատիր որքան կարելի է քիչ մարդ ուղարկել գերեզման։ Դու, իրավաբան, զարդացրու քո պերճախոսությունը քո արհեստի մեջ և մի թողնիր, որ ան