Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԿԱՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ «ՄՇԱԿ»-ԻՆ

«Հորիզոնի» վերջին համարներից մեկում ես տեղավորել էի մի հոդված «Ե՞րբ վերջապես» վերնագրով, ուր այն միտքն էի հայտնել, թե մեզնում արվեստները, թատրոնը և բանաստեղծությունը հաճախ ենթարկվում են այնպիսի անպատրաստ, գռեհիկ և անճաշակ մարդկանց դատավճիռներին, որոնք ոչինչ հասկացողություն չունեն նրանց մասին։

Այդ երևույթը ես համարել էի տխուր, տգեղ և վնասակար։ Գրելով իմ հոդվածը, ես աչքի առջև չէի ունեցել ո՜չ առանձին անհատներ և ոչ այս կամ այն դեպքը, որովհետև ես այնքան էլ միամիտ չեմ, որ չհասկանամ, թե անկարող եմ դատարկ գլուխների մեջ ուղեղ դնել։ Իսկ եթե իմ արդարացի հարվածը կարող էին ընդունել իրանց հասցեին զանազան անձինք, դա իհարկե, այդ անձանց բարի կամքն էր։ Այդ դեպքում ինձ մնում էր ասել․ На воре шапка горит․

Որովհետև հոդվածս «Հորիզոնումն» էր տպված, «Մշակ» լրագիրը զայրացել է և որովհետև տասնյակ տարիներ է այդ լրագիրը շարունակ ինձ հալածում է, շարունակ զրպարտում, հայհոյում, ուստի ինչի՞ չպիտի միանգամ ևս աղբ շպրտեր թե՝ «Հորիզոնի» և նրա աշխատակիցների և թե' մանավանդ ինձ վրա։ Այդ տեսակ մի աղբակույտ է «Մշակի» երեկվա «Մամուլի տեսությունը»։

Պատասխանել «Մշակի» հիշոցներին և առհասարակ որևէ պայքարի մեջ մտնել այդ լրագրի հետ՝ ես ոչ ցանկություն ունիմ և ոչ ժամանակ։ Միևնույնն է, ես նրան ուղղել չեմ կարող, իսկ իջնել մինչև նրա բարոյական մակերևույթը, ինձ համար ծանր է և անկարելի․․․

Բայց կա մի կետ այդ երկուսուկես սյունանոց հայհոյաբանության մեջ, որի մասին չեմ կարող երկու խոսք չասել։ «Մշակ»֊ն ասում է, թե ես՝ Շիրվանզադես, իրավունք եմ համարում ինձ ամենագետ, հանրագետ լինել, ինչու նույն իրավունքը չպիտի ունենա մի բժիշկ, մի իրավաբան, մի ինժներ, մի գյուղատնտես, որոնք ավարտել են իրանց ուսումը համալսարաններում կամ բարձր դպրոցներում, հետևաբար ունեն լայն, բազմակողմանի, գիտական կրթություն և այլն․․․